
Երևանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունները. Լավրով
Հենց Երևանն է սաբոտաժի ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունը, իսկ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ կնքման օգտին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- Բաքվում Ռուսաստանի Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։
«Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը»,- հավելել է ռուսաստանցի այդ պաշտոնյան։
Լուսանկարը՝ OLGA MALTSEVA / POOL
Մեկնաբանել