HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» ֆորում-քննարկման արդյունքների ամփոփումը

Օգոստոսի 1-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպել էր «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» խորագրով ֆորում-քննարկումը, որը նպատակ ուներ վեր հանել Երևանի կառուցապատման գործընթացում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկությունները: Միջոցառմանը ներկա էին 60 մասնակից՝ ներառյալ ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ֆորումի ընթացքում վեր են հանվել Երևանի կառուցապատման գործող պրակտիկայի հետևանքով առաջացած խնդիրները և անդրադարձ է կատարվել դրանց պատճառներին։ Խմբային թեմատիկ քննարկումների արդյունքում ֆորումի մասնակիցները ներկայացրել են վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ, որոնք համառոտ ներկայացված են ստորև։

Ակնկալվում է, որ ներկայացվող խնդիրներն ու առաջարկներն, ըստ վերաբերելիության, կարտացոլվեն Երևանի քաղաքային պլանավորման հիմնական ռազմավարական ծրագրային փաստաթղթում, այն է՝ ներկայում քննարկման դրված Երևանի գլխավոր հատակագծում, մշակվելիք գոտևորման փաստաթղթերում և/կամ քաղաքային կառավարման միջոցառումներում, ինչպես նաև հիմք կդառնան համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների համար։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում առկա են բազմաթիվ խնդիրներ, հակասություններ և բացեր։ Օրենքում միաժամանակ ներառված են շուկայական տնտեսության գործիքներ (օրինակ՝ գոտևորման նախագիծ) և խորհրդային ժամանակաշրջանի կառավարման մեթոդներ (օրինակ՝ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք), ինչը ստեղծում է խառնաշփոթ և հնարավորություններ շահարկումների համար։ Օրենքները հաճախ պատշաճ կերպով չեն կիրառվում, իսկ խախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցները ադեկվատ չեն և չեն կանխարգելում նոր խախտումները։ Առաջարկվում է վերանայել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը՝ լուծելով առկա հակասությունները և բացերը։ Անհրաժեշտ է մշակել և ընդունել նոր օրենսդրական ակտեր, որոնք կապահովեն քաղաքաշինության ոլորտում հստակ, համապարփակ և արդիական կարգավորումներ։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով նախատեսված քաղաքաշինական միասնական կադաստրը, որի հիմքում պետք է դրվեր անշարժ գույքի կադաստրը և կապ կհաստատվեր այլ առնչվող տեղեկատվական բազաների հետ, մինչ օրս չի ստեղծվել։ Կառուցապատմանն առնչվող որոշումները հաճախ ընդունվում են առանց պատշաճ տվյալների հիմքի, ինչը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր և թույլ չի տալիս ապահովել հուսալիություն և թափանցիկություն։ Առաջարկվում է ստեղծել և ներդնել քաղաքաշինական միասնական կադաստր, որը կապահովի բոլոր որոշումների հիմքում հուսալի և ճշգրիտ տվյալներ։ Պետք է ապահովել քաղաքաշինական կադաստրի տվյալների պարբերական թարմացում և հանրային հասանելիություն՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերն ու ապահովելով թափանցիկություն։

Երևանի քաղաքապետարանը գործում է ոչ թափանցիկ՝ հանրային մասնակցության ցածր մակարդակով։ Կառուցապատման և հողի նշանակության փոփոխության հարցերը հաճախ թափանցիկ չեն նույնիսկ Երևանի ավագանու համար, իսկ քաղաքային պլանավորման հիմնական փաստաթղթերի մշակման գործընթացում չեն ներգրավվում շահագրգիռ հանրությունն ու մասնագիտացված կառույցները։ Առաջարկվում է ապահովել քաղաքային պլանավորման և ենթակառուցվածքների զարգացման գործընթացների թափանցիկությունը։ Անհրաժեշտ է ստեղծել նախագծային վերանայման խորհուրդ, որը կապահովի միջգիտակարգային երկխոսություն և մասնագիտական մասնակցություն։ Պարտադիր է կատարել հանրային քննարկումներ քաղաքացիների և մասնագետների հետ, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված հանրային իրազեկման ու մասնակցության բոլոր պահանջների կատարումը։

Վերջին 20 տարիների ընթացքում կառուցապատման հետևանքով վերացվել և վնասվել են Երևանի ժառանգության շերտերը, ներառյալ ճարտարապետական հուշարձաններ և պատմական միջավայրեր։ Չկանոնակարգված կառուցապատման արդյունքում աղավաղվել է Երևանի ընդհանուր քաղաքապատկերը, կենսապատկերը, ուրվագիծը և մշակութային արժեքները։ Առաջարկվում է խստացնել պատմամշակութային արժեքներ ունեցող շենքերի և տարածքների պաշտպանության իրավակարգավորումները՝ կանխելու դրանց ոչնչացումը կամ աղավաղումը։ Անհրաժեշտ է ստեղծել անկախ մարմին՝ հուշարձանների կառավարման և պահպանման համար՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն Երևանի քաղաքապետարանի կամ ՀՀ կառավարության ազդեցություններից անկախ։ Պետք է վերանայել և խստացնել պատմական միջավայրերում կառուցապատման նորմերը՝ բացառելու միջավայրի աղավաղումը։

Երևանում կանաչ տարածքների մակերեսը չի բավարարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմերին։ Կանաչ տարածքների անհավասարաչափ բաշխումը քաղաքում ստեղծում է անբարենպաստ կենսապայմաններ, իսկ կառուցապատման ժամանակ քաղաքաշինական նորմերը հաճախ անտեսվում են, ինչը հանգեցնում է տարածքների գերբնակեցման։ Առաջարկվում է հստակ սահմանել «կանաչ տարածք» հասկացությունը և ներդնել կանաչապատման ստանդարտներ՝ ապահովելով կանաչ տարածքների նվազագույն պահանջներ։ Հարկ է ստեղծել կանաչ տարածքների ցանց՝ ապահովելով քաղաքի տարբեր կանաչ գոտիների միջև կապը և բնակիչների մուտքը այդ տարածքներ։ Անհրաժեշտ է ապահովել կանաչապատման ծրագրերի լիարժեք իրականացումը՝ շինարարության մեկնարկային փուլից սկսած։

Երևանի կենտրոնում և շրջակա տարածքներում իրականացվող կառուցապատումները հաճախ կատարվում են առանց քաղաքի ենթակառուցվածքների թողունակության, էկոլոգիական իրավիճակի և անվտանգային խնդիրների լիարժեք գնահատման։ Այսպիսի կետային կառուցապատումները առաջացնում են լուրջ խնդիրներ, ներառյալ խիստ անհարմարավետ և սթրեսային պայմաններ երևանցիների համար։ Առաջարկվում է վերանայել տարածական պլանավորման փաստաթղթերի կազմը և պահանջները՝ վերացնելով հնացած և ավելորդ փաստաթղթերը, ինչպես նաև ստեղծել նոր անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կապահովեն կառուցապատման գործընթացի լիարժեք կարգավորումը։ Կառուցապատման և բարեկարգման նորմերը պետք է վերանայվեն և արդիականացվեն՝ ապահովելով անվտանգություն և որակ։ Հարկավոր է սահմանել ժամանակավոր արգելք փոքր կենտրոնում կառուցապատման նկատմամբ՝ մինչև գոտևորման նախագծի մշակումը։

Երևանի կառուցապատման ներկայիս պրակտիկայում չի ապահովվում բավարար ուշադրություն սեյսմիկ ռիսկերի կառավարմանը, ինչը մեծացնում է արտակարգ իրավիճակների դեպքում վնասների և կորուստների հավանականությունը։ Առաջարկվում է Երևանի բոլոր թաղամասերի համար ստեղծել սեյսմիկ միկրոշրջանացման և ինժեներաերկրաբանական պայմանների թվայնացված քարտեզներ։ Պետք է ապահովել սեյսմիկ անվտանգության խիստ հսկողություն կառուցապատումների բոլոր փուլերում՝ նվազեցնելով ռիսկերը։

Երևանի կառուցապատման ծավալները համահունչ չեն քաղաքի ինժեներական ենթակառուցվածքների վիճակին։ Հաճախ ենթակառուցվածքները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ ծառայությունները՝ հաշվի առնելով նոր կառուցապատումների մեծ քանակը։ Առաջարկվում է կազմակերպել ենթակառուցվածքների վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրում և դրանց միասնական բազայի ստեղծում՝ արդյունավետ որոշումներ ընդունելու համար։ Անհրաժեշտ է բարելավել ջրամատակարարման, ջրահեռացման և այլ հանրային ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք կառուցապատման աճին և նոր բնակիչների պահանջներին։

Առաջարկություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԹԻՀԿ կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter