Գյումրու քաղաքապետարանի պատասխանը
Հարկադրված ենք հերթական անգամ պատասխանելու էլեկտրոնային կայքերում շրջանառության մեջ դրված ստահոդ այն տեղեկատվությանը, թե Գյումրու քաղաքապետի որդու կողմից ինչ-որ սպառնալիքներ են հնչել ինչ-որ անձանց հասցեին:
Վստահաբար կարող ենք ասել, որ այսօրինակ բամբասանքի տարածման ետևում կանգնած է կոնկրետ հանձնառություն ունեցող շահագրգիռ մարդկանց խումբ, որը տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում է տեղեկատվական սադրանք` վարկաբեկելով Գյումրու քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին:
Ենթադրելի է, որ այս գործողությունները 2007 թվականին Գյումրու քաղաքապետի նկատմամբ իրականացրած մահափորձի և 2012 թվականի ապրիլին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության կազմակերպման շարունակությունն են:
Հետևելով կեղծ տեղեկատվությունը՝«հմտորեն» տարածող կայքերից գոնե երկուսին, պարզ է դառնում, որ գործընթացին միացել են «նորագիրներ», ովքեր փորձում են շահել իրենց տերերի վստահությունը՝ գործադրելով գերբնական ճիգեր ու մշտապես հանդես գալով «մի խումբ գյումրեցիների» անունից:
Դրանք իրենց հայտնի «վասակյան» գործունեությունը քողարկում են հասարակական կազմակերպության անվան տակ, որպեսզի հայտնի չդառնա, թե իրենք իրականում ում կերակրատաշտից են օգտվել ու օգտվում:
Բոլոր բանական մարդկանց համար էլ պարզ է, որ սա շինծու տեղակատվության բազմացման նենգ ու վախկոտ խմբակի ձեռագիր է:
Գյումրու քաղաքապետի որդին նման որևէ միջադեպի հետ կապ ու առնչություն չունի, իսկ սփռված լուրը տեղեկատվական շարունակական տեռորի դրսևորում է:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել