HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը պահանջում է խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ

Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը Հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ իշխանություններից խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«- Հաշվի առնելով Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաընկերությանը 2024 թ․ օգոստոսի 19-ին տված ու նույն օրը երեկոյան նաեւ «Բելառուս 1» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ արված անվայելուչ արտահայտությունները, համաձայն որի «հայերը ոչ ոքի պետք չեն», մի հակահայ պահվածք, որը նրա դեպքում վատ ավանդույթ է դարձել․ 

- Նկատի ունենալով Բելառուսի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու հանգամանքը, որի մասին վերջերս հրապարակավ խոստովանել է Բելառուսի բռնապետը, ինչը պետք է գնահատվի որպես ՀԱՊԿ անդամ երկրի կողմից թշնամական քայլ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պայմանագրային պարտավորությունների խախտում․

- Ապացուցված համարելով Բելառուսի բռնապետական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի եւ քաղաքացիների իրավունքների համակարգային եւ շարունակական խախտումները, ինչը բերել է հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը եւ տարատեսակ քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների, 

Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը պահանջում է Հայաստանի իշխանություններից․ 

  1. Անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչեւ բռնապետ Լուկաշենկոյի պաշտոնանկությունը.
  2. Հայաստանում Բելառուսի դեսպանին եւ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մյուս բոլոր անդամներին հայտարարել անցանկալի անձինք (Persona Non-Grata) եւ երեք օր ժամանակ տալ Հայաստանի տարածքը լքելու համար.
  3. Խզել Բելառուսի հետ ունեցած բոլոր երկկողմանի համաձայնագրերը/համաձայնությունները․
  4. Արգելել Բելառուսի որևէ պաշտոնատար անձի մուտքը Հայաստանի տարածք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ արգելել որեւէ հայաստանյան պաշտոնատար անձի այցելությունը Բելառուս․ 
  5. Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից»։ 

Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակ. 

«Հանրապետություն» կուսակցություն

«Իրավունքի Եվրոպա» միավորում

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ 

Հայաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

 ՊրոԱրմենիա ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նվարդ Մանասյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter