HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք

Առողջապահության նախարարությունում կայացել է մամուլի ասուլիս` վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակի և ուսումնական տարվան ընդառաջ կանխարգելիչ աշխատանքների վերաբերյալ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ասուլիսի բանախոս, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը ներկայացրել է կարմուկով, կապույտ հազով, Արևմտյան Նեղոսի տենդով, COIVD-19-ով, գրիպով, Կապիկի ծաղիկով պայմանավորված համաճարակային իրավիճակը, պատասխանել լրագրողների հարցերին: 

Կարմրուկ, կապույտ հազ

Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում: Առողջապահության նախարարությունը շարունակում է տարբեր, այդ թվում` տեղեկատվական միջոցառումներ իրականացնել բնակչության շրջանում կարմրուկի դեմ պատվաստումներն ավելացնելու նպատակով, արդյունքում` չպատվաստվածների թիվը նվազել է 1,8 անգամ, թերի պատվաստվածներինը` շուրջ 2,9 անգամ: Ավելացել են նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը: 2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին` 98 դեպք: Մասնագետները հիշեցնում են` և՛ կարմրուկի, և՛ կապույտ հազի բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է (https://moh.am/#1/7522):

Արևմտյան Նեղոսի տենդ

Բանախոսը նշել է, որ Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունն առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռևս հուլիսի վերջից, երբ Արագածոտնի մարզում 5 մոծակի մոտ հայտաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչ: 

Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության: 

Օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման վերաբերյալ: Ներկա դրությամբ` ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Հոսպիտալացվել է 41-ը, որի 4-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։

Հիշեցնենք, որ վարակի աղբյուրը թռչուններն են, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել փոխանցողների` մոծակների միջոցով: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների (https://moh.am/#1/7519

COVID-19, ՍՇՎ

COVID-19-ի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր ավելացել են: Երկրում շրջանառվող «Օմիկրոնի» JN.1 ենթատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին արձանագրված շտամները: Ռիսկի խմբի անձանց` տարեցներին և քիրոնիկ հիվանդություններ ունեցողներին, խորհուրդ է տրվում դիմել իրենց սպասարկող առաջնային օղակ և պատվաստվել` կանխելով COVID-19-ի և գրիպի վարակի վերածումը ծանր հիվանդության:

Կապիկի ծաղիկ

ԷՄ փոքս (կապիկի ծաղիկ) հիվանդության դեպք Հայաստանում չի արձանագրվել: Մեր տարածաշրջանն այս հիվանդության համար քիչ ռիսկային գոտի է: 2024 թվականի առաջին 6 ամիսներին Էմ փոքս-ի հաստատված 5199 համաշխարհային դեպքերի 36%-ը գրանցվել է աֆրիկյան երկրներում, ընդ որում` 95%-ը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Հիվանդութունը տարածվում է ինչպես մարդուց մարդուն (հիմնականում սեռական ճանապարհով), այնպես էլ կենդանիներից փոխանցման հետևանքով (https://moh.am/#1/7515): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter