HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուկոսն» ընդդեմ Ռուսաստանի. նավթային նախկին մագնատը Հայաստանում դատական նոր գործընթաց է նախաձեռնել

«Յուկոս Օյլ» ընկերությունը, որը նախկինում նավթ էր արդյունահանում Ռուսաստանում, այժմ Հայաստանում փորձում է վերադարձնել իր փոխառությունները: «Յուկոս»-ի բաժնետերերը դատական գորրծընթացը նախաձեռնել են ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի ներկայացուցիչը Հայաստանում ՌԴ դեսպանատունն է:

Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Յուկոս Կապիտալ» ՍՊԸ-ի անունից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնների համաձայն ձևավորված արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմում է ներկայացվել:

2021թ. հուլիսի 23-ի ակտով արբիտրաժային դատարանը սահմանել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնագրավել է «Յուկոս Կապիտալի»-ի փոխառությունները, հետևաբար, պետք է փոխհատուցի 2003 թվականի դեկտեմբերի փոխառության համաձայնագրի շրջանակներում վճարման ենթակա գումարների կորստի համար: Այդ կորուստը արբիտրաժային դատարանը գնահատել է 77 մլրդ ռուբլի, որը 2008թ. դեկտեմբեր 31-ի գործող փոխարժեքով կազմել է 2.6 մլրդ դոլար: Դրան գումարվել է նաև չվճարված պայմանագրային տոկոսագումարը` տարեկան 9% տոկոսադրույքով, այդպիսով` փոխհատուցման գումարը դարձել է շուրջ 5 մլրդ դոլար:

«Յուկոս Կապիտալ»-ը պնդում է, որ փոխառություն է տվել ՌԴ-ում գործող մայր «Յուկոս»-ին, որն իրեն չի վերադարձվել, քանի որ ՌԴ իշխանությունը սնանկության է հասցրել և  լուծարել «Յուկոսը»: Մինչդեռ ռուսական կողմն այդ փոխառությունները կեղծ է որակել, քանի որ հենց դրանց միջոցով են երկրից հանվել ընկերության ակտիվները, և «Յուկոս»-ը խուսափել է հարկերի վճարումից:

Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է կատարել արբիտրաժային դատարանի կարգադրությունը` վկայակոչելով այն հանգամանքին, որ թեպետ ՌԴ-ն Էներգետիկ խարտիան ստորագրել է 1994-ին, սակայն չի վավերացրել այն, իսկ 2009-ին դադարեցրել է անդամակցությունը Խարտիային:

«Յուկոսի» ներկայացուցիչները Հայաստանում հայցը ներկայացնելիս հղում են կատարել Էներգետիկ խարտիային, Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիային և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին: Էներգետիկ խարտիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1997 թվականի դեկտեմբերի 15-ին, Նյու Յորքի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1998թ. մարտի 29-ից:

Մասնավորապես, Էներգետիկ խարտիայի 26-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով Արբիտրաժային դատարանի վճիռը հանդիսանում է վերջնական և պարտադիր պահանջատիրոջ և պարտապանի համար։

«Յուկոս Կապիտալ»-ի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանը դատարանին նաև միջնորդել են կիրառել հայցի ապահովման միջոց, քանի որ օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և կատարումը թույլատրելու մասին դիմումի բավարարումը ենթադրելու է դատական ակտի հարկադիր կատարում։

Դատական ակտի հարկադիր կատարման շրջանակներում հարուցվելու է կատարողական վարույթ և գույք հայտնաբերելու դեպքում սկսվելու է դրա բռնագանձման գործընթացը։

Հայցվորը գիտակցում է, որ այս գործով պարտատերը ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է, այսինքն` ինքնիշխան իրավազորությամբ օժտված սուբյեկտ, որը գույքի տնօրինման հարցում ունի բացարձակ իրավասություն: Օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճռի կատարումը ենթադրում է ՀՀ-ում ՌԴ-ին պատկանող գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառում և ապագայում դրա բռնագանձում:  Հաշվի առնելով նշված հանգամանքները` «Յուկոս Կապիտալը» դատարանին խնդրել է կիրառել այնպիսի համաչափ սահմանափակումներ, որոնց դեպքում վերջնական դատական ակտը հնարավոր կլինի կատարել։ 

«Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն դիմումի բավարարման դեպքում Ռուսաստանի Դաշնության ողջ գույքը չի հանդիսանալու վճռի կատարման օբյեկտ, այլ Արբիտրաժի վերջնական վճիռը կատարվելու է միայն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող գույքի նկատմամբ, իսկ այդ գույքի փաստացի վիճակի փոփոխությունը, երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնումը կամ դրա նկատմամբ ՌԴ սեփականության իրավունքի դադարեցումը բացառելու է դատական ակտի կատարման հնարավորությունը»,- դատարան ներկայացրած դիմումում գրել է  «Յուկոս Կապիտալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանը։

Դրանից ելնելով` վերջինս խնդրել է արգելել Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի Հանրապետությունում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարել, որևէ կերպ ծանրաբեռնել երրորդ անձանց իրավունքներով, նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի և/կամ բաժնետոմսերի անվանական արժեքը, մարել դրանք, այլ երկրում գրանցել իրավաբանական անձանց, կատարել իրավաբանական անձանց վերակազմակերպում, այլ կերպ դադարեցնել իր սեփականության իրավունքը ՀՀ-ում գտնվող գույքի նկատմամբ կամ կատարել գործողություններ, որոնք որևէ կերպ կազդեն գույքի վիճակի վատթարացման կամ գնի նվազեցման վրա։

Արաբկիրի նստավայրի դատավոր Արտուշ Ավագյանը «Յուկոս Կապիտալ»-ի դիմումը վերադարձնելու որոշում է կայացրել: Ուսումնասիրելով դիմումը, կից փաստաթղթերը՝ դատարանն արձանագրել է, որ դիմումը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության, այսինքն` օտարերկրյա պետության դեմ, որի բավարարումը, բնականաբար, կհանգեցնի օտարերկրյա պետությանը պատկանող` ՀՀ տարածքում գտնվող գույքի վրա հարկադիր կատարման կարգով բռնագանձում տարածելուն: Դատարանը համարել է, որ առկա է դատական իմունիտետ (անձեռնմխելիություն), և ներկայացված չէ իրավասու մարմինների համաձայնությունը, կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Այս գործով փաստաբան է նաև ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ բողոքարկել են դիմումը վերադարձնելու որոշումը, քանի որ համաձայն չեն դատարանի դիրքորոշման հետ։ Ըստ Բեքմեզյանի՝ այդ հիմնավորումը վերաբերում է հայցադիմումներին, իսկ իրենք ոչ թե հայցադիմում են ներկայացրել, այլ արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման դիմում. «Նույնիսկ եթե ընդունենք, որ դա հայցադիմում է, իսկ մենք դրա հետ համաձայն չենք, կա երկու միջազգային պայմանագիր, որոնք բացառում են իմունիտետը` Էներգետիկ խարտիան և Նյու Յորքի կոնվենցիան: Մեր բողոքը Վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել, բայց դեռ որոշում չի կայացվել»:

«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ նման դիմումները մերժվում են: Գրիգոր Բեքմեզյանն ասում է, որ դատարանն ընդամենը պետք է ուսումնասիրի` այս գործով կա՞ն այդ դեպքերը, թե ոչ: Մերժման այլ հիմքեր չեն կարող լինել, իսկ ըստ էության գործի քննություն իրականացնելու իրավունք հայաստանյան դատարանը չունի, որովհետև արդեն իսկ այդ ամենն արվել է արբիտրաժի կողմից:

Գրիգոր Բեքմեզյանն ասում է, որ եթե Վերաքննիչ դատարանն էլ նույնաբովանդակ որոշում կայացնի, իրենք գուցե սահմանադրականության խնդիր տեսնեն և դիմեն ՍԴ:

Օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման դեպք արդեն եղել է Հայաստանում, կրկին՝ «Յուկոսի» գործով, բայց այն ոչ թե պետության` ՌԴ-ի, այլ կազմակերպության դեմ էր, իսկ պետության դեմ այլ նախադեպային գործ փաստաբանը չհիշեց, որով արբիտրաժային դատարանի վճիռը կատարված լիներ:

«Այն ժամանակ քաղաքական տարր կար, բայց հիմա քաղաքական տարր չի լինի, որովհետև ես հույս ունեմ, որ մեր դատական համակարգն անկախ է, և որևէ երրորդ ուժ չպիտի ազդի դատարանների վրա նման գործ քննելու հարցում»,- ասում է Գրիգոր Բեքմեզյանը:

Թե ինչ գույք ունի ՌԴ-ն Հայաստանում, և որ գույքի վրա կտարածվի բռնագանձումը, փաստաբանը հստակ չգիտի, ասում է, որ դա կորոշվի հարկադիր կատարման ժամանակ: Մեր հարցին՝ արդյոք դա կտարածվի ՌԴ դեսպանատան գույքի վրա, Բեքմեզյանն ասում է, որ որոշողը հարկադիրն է, բայց քանի որ դեսպանատունն իմունիտետ ունեցող կառույց է, գուցե չտարածվի: Փոխարենը կարող է տարածվել ՌԴ-ին պատկանող ցանկացած այլ գույքի վրա:  «Այն գույքը, որն ունի առևտրային նշանակություն, օրինակ` ընկերության բաժնետոմսեր, կարող են լինել բռնագանձման առարկա»,- նշում է Գ. Բեքմեզյանը:

Ինչու է «Յուկոսի» դիմումը Հայաստանում ներկայացվել, և արդյոք այլ երկրներում փորձել են ճանաչել կամ կատարել արբիտրաժային դատարանի նշված վճիռը հարցին Գ. Բեքմեզյանը պատասխանում է, որ արբիտրաժային դատարանի տվյալ ակտը կարող է կատարվել ցանկացած երկրում, որը միացել է Էներգետիկ խարտիային, որովհետև այն կայացվել է Էներգետիկ խարտիայի հիման վրա, իսկ Խարտիան պարտավորեցնում է երկրներին պաշտպանել իրենց մոտ կատարվող օտարերկրյա ներդրումները:

Բեքմեզյանը նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ արբիտրաժային այս վճռի ճանաչման փորձ է արվում, թերևս նաև այն պատճառով, որ «Յուկոսի» գործերը Հայաստանում նախկինում քննվել են, և «Յուկոսի» մենեջմենթը Հայաստանին ծանոթ է: Բացի դրանից, եթե նախկինում«Յուկոսի» գործերում ՌԴ-ն կարողացել էր ազդել հայաստանյան դատական համակարգի կամ վճիռների կայացման վրա, ապա այժմ, ըստ Բեքմեզյանի, դատական համակարգն ավելի անկախ է և նման ներգործության չի կարող ենթարկվել:

«Յուկոսի» հայաստանյան ընկերության` «Յուկոս ՍՆԳ ինվեթմենթ» ՍՊԸ-ի  նախկին տնօրեն Արմեն Միքայելյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք այլ երկրներում փորձել են ճանաչել և կատարել արբիտրաժային դատարանի վճիռը։ Նա հրաժարվեց այս հարցին պատասխանել` պատճառաբանելով, թե առևտրային գաղտնիք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter