HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախ 2023․ hացի փռի մոտ պայթած արկը սպանել է 67-ամյա Առնոդ Չալյանին

2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին` Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ, դիրքերից Միշա Չալյանը զանգել է քրոջը՝ Մերիին ու խնդրել  ծնողներին տեղափոխել ապաստարան։ «Եղբայրս ասաց՝ իրավիճակը լուրջ է, պետք է գնաք ապաստարան։ «Արցախբանկը» մեր տան մոտ էր, ծնողներիս տարա բանկի նկուղ, ես էլ հագա համազգեստս ու գնացի աշխատանքի»,- պատմում է Մերի Չալյանը։ Նա Փրկարար ծառայությունում է աշխատել եւ ողջ օրվա ընթացքում գործընկերների հետ տարեցներին տեղափոխել են ապաստարաններ։

Առնոդ Չալյանը կնոջ՝ Սիլվայի, դստեր՝ Մերիի և որդու՝ Միշայի հետ ապրել է Մարտունի քաղաքում։ Միշան զինվորական է եղել։ 67-ամյա Առնոդ Չալյանը թոշակառու էր, բայց ընտանիքին օգնելու համար նաև տաքսի է վարել։ 

Մարտական գործողությունների սկսվելուց հետո Մերին եղբոր հետ կապ չի կարողացել հաստատել։ «Ամբողջ օրը զանգում էի եղբորս, բայց հեռախոսն անջատված էր։ Հայրս անընդհատ զանգում էր ինձ, ասում էր՝ Միշայից նորություն չունե՞ս, ես էլ խաբում, ասում էի՝ խոսել եմ հետը»,- ասում է Մերի Չալյանը։ 

Մերին մի պահ վերադարձել է տուն, վերցրել տանը եղած ուտելիքը՝ կես հաց և մի քանի պղպեղ ու տարել հոր մոտ։ Շրջափակման վերջին օրերին հաց չէին կարողանում գտնել, բայց քանի որ հայրը՝ Առնոդը, ունեցել է շաքարային դիաբետ ու սրտի հիվանդություններ, փորձել են սառնարանում գոնե մի կտոր հաց պահել նրա համար։

«Ուտելիքը տարա ապաստարան, տվեցի հորս ու ասացի, որ ուտի, որ հանգիստ լինեմ ու վերադարձա աշխատանքի»,- պատմում է Մերին։ 

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Մարտունու հիվանդանոցից Մերիի ծանոթ բժիշկներից մեկը զանգել է ու ասել, որ իր հոր նման մեկին են բերել հիվանդանոց։ «Միանգամից վազեցի հիվանդանոց ու ճանապարհին՝ հացի խանութի մոտ, տեսա պայթած արկի տեղը ու արյան հետքերը»,- հիշում է նա։ Առնոդը մահացել էր հացի փռի մոտ՝ իրենից մի քանի մետր այն կողմ ընկած արկի պայթունից։ Կինը պատմում է, որ Առնոդը գնացել էր փուռ, քանի որ ապաստարանում քաղցած են եղել ու իմացել են, որ այնտեղ հաց են թխում։

Սեպտեմբերի 21-ին Միշան իջել էր դիրքերից և եկել Մարտունի։ Հաջորդ օրը ընտանիքի անդամները Առնոդին հուղարկավորել են քաղաքի գերեզմանատանը։ «Շատ ծանր վիճակ էր, դագաղ չէր գտնվում։ Քաղաքապետարանից մեզ օգնեցին դագաղ գտնել և կազմակերպել թաղումը»,- ասում է Մերին ու նշում՝ այդ ժամանակ չէին պատկերացնում, որ հնարավոր է Արցախը լքեն։

Արցախում ամեն ինչ կորցնելուց հետո, ընտանիքը ցանկանում է հոր մարմինը Հայաստան տեղափոխել։ Դիմել են Կարմիր խաչին՝ մարմինը տեղափոխելու համար, սակայն մինչև օրս քայլեր չեն ձեռնարկվել։

Չալյանների ընտանիքն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։ Արցախի իրենց տնից Մերի Չալյանը միայն լուսանկարներ է վերցրել ու մի բուռ հող՝ հոր գերեզմանից։ 

«Ես իմ հորը խոսք եմ տվել, որ գնալու եմ Արցախ, որ իրեն մենակ չեմ թողնելու, բայց ամեն օր տեսնելով, թե ինչպես են պղծում են մեր սրբավայրերը՝ ես ուզում եմ իմ հորը տեղափոխել Հայաստան»,- ասում է Մերին։

Չալյանների ընտանիքը Արցախից տեղահանվել է սեպտեմբերի 27-ին։ Մի քանի ամիս Գորիսում ապրելուց հետո նրանց չի հաջողվել աշխատանք գտնել, ուստի մեկնել են Ռուսաստան` իրենց բարեկամների մոտ։ Մերին հիմա վաճառող է աշխատում խանութում, իսկ Միշան, ով 20 տարի ծառայել է բանակում, հիմա թոշակի է անցել և չի աշխատում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter