HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ««Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի»» նախագծով սահմանվել են՝

1) Հանրային խորհրդի շրջանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախ և առաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն,

2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,

ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

զ. հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր: Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից հայցել դեպքերի և իրադարձությունների տեղեկություններ, իրավասու մարմնի համաձայնությամբ կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում հայցել դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ:

3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ (որը ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով կարող է երկարաձգվել), իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից,

4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով,

5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է Կառավարություն: Որոշմամբ հստակեցվել են նաև Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության ժամկետները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է երաշխավորել Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի տեսքով փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողովի կազմավորումը և գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ և անցյալում տեղի ունեցած իրադարձություններին և միջոցներ ձեռնարկել անձանց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Թեմայի շրջանակում վարչապետը հավելել է. «Այո՛, սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն: Բայց ես գիտեմ, որ նաև կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է: Եվ այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի: Այս ընթացքում մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, և ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել, թե որ մարմնում ինչպես ձևավորվի, ինչպես աշխատի, որտեղ լինի: Այդ հետաձգումը եղել է բացառապես սրա հետ կապված, որպեսզի նաև նրա աշխատանքի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չառաջանան, սահմանադրականության հետ կապված խնդիրներ չառաջանան և այլն: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այն փաստերը, որոնք ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, այդ փաստերն իրենց տեղում են: Այսինքն՝ այդ փաստերը 3 տարի առաջ էլ էին այն նույն տեղում, ինչ հիմա են: Այդ փաստերը ոչ մեկ չի վերցրել և «ա» կետից «բ» կետ չի տեղափոխել: Որոշում կայացնելը դեռ հարցի մի մասն է, պետք է նաև արդյունավետ իրագործվի: Հույս ունեմ, որ դրա արդյունավետ իրագործումը նույնպես տեղի կունենա: Քանի որ խոսքը օրենքի նախագծի մասին է, խորհրդարանական հարթակում, համոզված եմ, որ շատ ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, և նաև մեր հանրությունը դրա մասին առավել մանրամասն տեղեկություններ կստանա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter