«Հայացք». Կեչառիսն ու «կերուխումի օբյեկտն» անհամատեղելի են
Ծաղկաձոր դրախտային քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական համալիրներից մեկը' 11-13 դդ. կառուցված Կեչառիսի վանական համալիրը:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է կոչվում Կեչառիս: Այն գրաբարով կոչվում է «եկ ինձ մոտ, իմ շուրջ»: Դարեր առաջ համալիրի տարածքում եղել է կեչիների պուրակ, սակայն շինարարության ընթացքում այն վերացել է: Հետագայում պուրակը վերականգնվել է, և այսօր եկեղեցապատկան հողերը շրջապատված են սլացիկ ու սպիտակաբուն կեչիով:
Կեչառիսի վանական համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավիթից և երկու մատուռից, որից գլխավոր' Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից: Հաջորդ կառույցը Սբ Նշան եկեղեցին է' կառուցված 1051 թ.-ին: Հաջորդ' Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1214 թ. ճարտարապետ Վեցիկ վարդապետի կողմից:
- Ի դեպ, Վեցիկ անունը նրան տրվել է ընտանիքում վեցերորդ զավակը լինելու համար: Սակայն շինարարության ավարտին վերջին քարը տեղադրելիս հոգևորական ճարտարապետը սայթաքում ու վայր է ընկնում' կնքելով մահկանացուն ավարտուն կառույցի պատի տակ: Համալիրի հյուսիսարևելյան հատվածում' մի մեծ խաչքարի տակ, ամփոփված է նրա մարմինը,- «Հայացք»-ի հետ զրույցում պատմեց տեր Շահան քահանան' հավելելով, որ համալիրի չորրորդ կառույցը' Սբ Հովհաննես եկեղեցին, կառուցվել է Վաչուտյան իշխանների կողմից 1120-ին:
Կեչառիսի վանական համալիրում ապրել և ուսանել են շուրջ 500 վանական և ուսանող: Այստեղ, աշխարհիկ կյանքից հեռու, ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ, կրոնական և քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ:
Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը փլատարկների ու ավերակների վերածված Կեչառիսը լքված էր հայ քրիստոնյայի կողմից: Սակայն Աստծու հանդեպ հավատն ու նրա տունը կանգուն պահելու ցանկությունը աստիճանաբար շնչավորեց մոռացված վանական համալիրը: Այսօր վեհաշուք Կեչառիսը իր շուրջն է համախմբում տեղաբնակին ու զբոսաշրջիկին, նրա կամարների տակ օրհնություն են ստանում նորաստեղծ ընտանիքներ:
1998-2000 թթ. Կեչառիսը հիմնովին վերանորոգեց ռուսաստանահայ բարերար Վլադիմիր Հարությունյանը, ավելին' համալիրի գրադարանը հարստացավ բարերարի նվիրած 7000 միավոր գրականությամբ: Ռուսաստանցի բարերարի օրինակը ոգևորեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ում շնորհիվ համալիրի Սբ Նշան եկեղեցու դուռն ու պատուհանները փոխարինվեցին նորերով: Ու քանի որ օրինակն իրոք վարակիչ է, Վլադիմիր Գասպարյանի օրինակին հետևեց ոստիկանության Ծաղկաձորի վարչությունը, որն էլ ստանձնել է վանական համալիրի տարածքի ոռոգման համակարգի և ծաղկանոցի հողային շերտի թարմացման աշխատանքների կատարումը: Տեր Շահան քահանայի համոզմամբ' եթե ամեն մի պաշտոնյա այստեղ թեկուզ մեկ վարդ տնկի, շրջակայքը ծաղկի բուրաստան կդառնա:
Սակայն երևում է' ոմանց գիտակցությանն առ այսօր հասու չէ Քրիստոսի' Աստծու տունը առևտրի ու կերուխումի տան չվերածելու վերաբերյալ հորդորը, քանի որ 2011 թ. Կեչառիսի հարևանությամբ սկսվել է կերուխումի հերթական օբյեկտի' «կասկածելի օրինականությամբ» շինարարությունը, որը թեև այսօր դադարեցված է, այնուհանդերձ շինհրապարակը «չուզող» աչքից փակող և քամուց ծածանվող ցելոֆանե քողերը վկայում են, որ շինարարության մասին Կոտայքի առաջնորդարանի, Կեչառիսի հոգևորականների անտեղյակության, Ծաղկաձորի քաղաքապետարանի ու մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվության բացակայության պայմաններում շինությունը մի օր իր դռները կբացի զբոսաշրջիկի առջև: Մինչդեռ շինարարության տարածքում գտնված հնագիտական նշանակության գտածոները կարող են ոչնչացվել շինարարության ընթացքում: Քանի դեռ շինարարության հետքերը վերացված չեն, ցավոք, մեկ անգամ ևս կհամոզվենք, որ ճշմարիտ է «Զոռն անզորին կերավ» թևավոր խոսքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել