«Հայացք». Մոսկվան կհանձնե՞ր Սիրիան, եթե չլիներ Պեկինը
Ռուսաստանը և Չինաստանը համատեղ «վետոյով» կրկին տապալեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հետ կապված հերթական արևմտյան բանաձևը, որը նախատեսում էր արտաքին զինված միջամտություն' արդեն ամբողջ թափով ծավալվող քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար:
Բնականաբար, դա ինքնին ենթադրում է Ասադի, այսինքն' շիա մահմեդական ուղղության հետևորդ ալևիների հեռացումը իշխանությունից, որից հետո Սիրիայում ակնհայտորեն իշխանության կգան սուննի մահմեդականության հետևորդ կլանները: Այդպիսով Իրանը կզրկվի Մերձավոր Արևելքում հիմնական դաշնակցից, զգալիորեն կսահմանափակվեն տարածաշրջանի վրա Թեհրանի ազդեցության հնարավորությունները: Միաժամանակ տեղի կունենա արաբական աշխարհի համախմբում սուննի մահմեդականության դրոշի ներքո' Սաուդյան Արաբիայի հավանական առաջնորդությամբ, քանի որ հեղափոխական ցնցումից դեռ դուրս չեկած Եգիպտոսը, միաժամանակ տնտեսական կոլապսի ենթարկված լինելով, ի վիճակի չէ Էր-Ռիադի հետ մրցակցել այս դաշտում:
Արդյունքում արաբական աշխարհի համախմբումը ԱՄՆ-ը կարող է ուղղորդել ընդդեմ Իրանի' միաժամանակ Թեհրանի դեմ հարվածի նախապատրաստության մեջ ներքաշելով նրա ոչ արաբական անմիջական հարևաններին' Թուրքիային, Ադրբեջանին, անգամ Թուրքմենստանին: Թերևս պատահական չէր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի վերջին կոչը երկրի բնակչությանը' նախապատրաստվել պատերազմի:
Այդ կոչը ներկայացվեց կրոնա-փիլիսոփայական կանխատեսման լույսի ներքո, բայց ըստ ամենայնի Թեհրանում հասկանում են, որ արևմտյան սցենարի իրագործման հավանականությունը աճում է հատկապես հուլիսի 18-ին Դամասկոսում իրականացված ահաբեկչությունից հետո, որին զոհ գնացին նախագահ Ասադի մերձավոր զինակիցները' պաշտպանության նախարարը, ռազմական հետախուզության ղեկավարը և անվտանգության ծառայության պետը:
Ուշագրավ է նաև, որ այս ամենին զուգահեռվեց առաջին հայացքից «անկապ» մի փաստ. Իրանը դիմեց միջազգային տնտեսական արբիտրաժ' պահանջելով 2 մլրդ դոլարի փոխհատուցում Ռուսաստանից այն բանի համար, որ Մոսկվան հրաժարվեց C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանին վաճառելուց, թեպետ պայմանագիրը ստորագրվել էր, և Իրանը վճարել էր նախօրոք: Տարբեր փորձագետների գնահատմամբ' դատը շահելու Թեհրանի շանսերը միանգամայն իրատեսական են:
Ռուսական առանձին փորձագետների կարծիքով' սա հետևանք է այն իրողության, որ Մեքսիկայում G-20-ի վերջին գագաթաժողովի շրջանակներում կայացվել է Պուտին-Օբամա պայմանավորվածություն, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը այսուհետ պետք է ձեռնպահ մնան սիրիական ճգնաժամին ուղղակի միջամտությունից, որի մեջ փորձում են Մոսկվային ու Վաշինգտոնին ներքաշել տարածաշրջանում ազդեցության համար պայքար մղող Իրանն ու Սաուդյան Արաբիան: Թեպետ եթե անգամ այդպիսի պայմանավորվածություն կա, այն ակնհայտորեն չի հարգվում ամերիկյան կողմից, որովհետև հենց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն էր ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի ամենաակտիվ նախաձեռնողներից մեկը, և Մոսկվան կրկին ստիպված էր ապավինել Պեկինի աջակցությանը' համատեղ «վետո» կիրառելու առումով:
Գրեթե միաժամանակ Մոսկվա այցելեց Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը, և, ըստ թուրքական ԶԼՄ-ների, այցի նպատակն էր Ռուսաստանին համոզել սկսելու սիրիական վարչակարգի «ապամոնտաժումը»' խոստումով, որ նոր սիրիական իշխանության մեջ ծանրակշիռ դեր կունենան Ռուսաստանի համար ընդունելի ուժերը, և Տարտուս նավահանգստում ռուսական նավատորմի ներկայությունը կպահպանվի: Ըստ թուրքական մամուլի' Էրդողանը միաժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին սիրիական ճգնաժամին Թուրքիայի անմիջական միջամտության հնարավորության մասին: Արդեն կան հղումներ, որ Անկարան Սիրիայի հետ սահմանին սկսել է կենտրոնացնել «երկիր-օդ» կարգի հրթիռների մի քանի դիվիզիոն, շարունակվում է բազմակողմանի աջակցությունը սիրիական ընդդիմության զինված կազմավորումներին, որոնց մի մասը ձևավորվում է հենց Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում ապաստանած փախստականներից:
Համաարաբական ընդգրկում ունեցող «Մահմեդական եղբայրներ» հայտնի շարժումը, որ վերջերս վերցրեց իշխանությունը Եգիպտոսում, ևս անմասն չէ Ասադի վարչակարգի դեմ պայքարից: Այդ շարժման սիրիական «թևի» ներկայացուցիչ Ռիադ ալ Շաֆիքը օրերս հայտարարեց, որ Ասադի վարչախմբի հարցերը կլուծվեն, եթե ընդդիմությանը հաջողվի ամբողջական հսկողության տակ վերցնել Սիրիայի և Իրաքի սահմանը, քանի որ հենց Իրաքի շիաների միջոցով է Իրանից Սիրիա հասնում Թեհրանի տրամադրած օժանդակության (այդ թվում' զենքի և ռազմամթերքի) մեծ մասը: Շաֆիքը չէր թաքցրել նաև, որ իրենց շարժման վերջնական նպատակը Սիրիայի' որպես պետության վերացումն է, նրա միավորումը մյուս արաբական պետություններին:
Այսպիսով, սիրիական ճգնաժամից փորձում են օգուտ քաղել շատ տարբեր նպատակներ հետապնդող ուժեր և պետություններ: Նույն շարժման մեկ այլ ներկայացուցիչ սիրիաբնակ քրիստոնյաներին բացահայտորեն «առաջարկել» էր «չքվել» Բեյրութ, որովհետև Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում չպետք է լինեն ոչ շիա-ալևիներ, ոչ էլ քրիստոնյաներ:
Ըստ ռուսական որոշ փորձագետների' Ասադի վարչախմբի դեմ տարբեր ուժերի այսպիսի համախմբվածությունը ակնհայտորեն որոշակի տատանումներ է առաջացրել Մոսկվայում: Կան կարծիքներ, որ Կրեմլը գուցե կփորձեր փոխզիջումային համաձայնության գալ արևմտյան «գործընկերների» հետ, եթե չլիներ Չինաստանի խիստ հետևողական և արտաքուստ այդքան ոչ տեսանելի, բայց կոշտ կեցվածքը: Պեկինը ամբողջովին աջակցում է Թեհրանին, որն իր հերթին փորձում է ամեն կերպ սատարել Դամասկոսի դաշնակից ռեժիմին' լավ հասկանալով, որ Սիրիայում Ասադների վարչակարգի անկման հետևանքները նույն Իրանի և շիա մահմեդական աշխարհի համար կարող են աղետալի լինել: Առնվազն հարվածի տակ կհայտնվեն Կատարում, Բահրեյնում և նույն Սաուդյան Արաբիայում բնակվող բազմամիլիոն շիաները, գուցեև Իրաքի շիական համայնքը, ուր իրավիճակը մնում է խիստ լարված:
Միաժամանակ, ռազմական տարբեր փորձագետներ համարում են, որ Ասադի ռեժիմն ունի արտաքին հզոր հովանավորություն վայելող ընդդիմադիր կազմավորումների հետ արդյունավետ պայքարը շարունակելու ռեսուրսներ, եթե դաշնակից պետությունները շարունակեն նրան աջակցել քաղաքական և ռազմական առումով: Արևմտյան և հակառակորդ արաբական երկրների ու Թուրքիայի ճնշումը Սիրիայի նկատմամբ աճում է, բայց Ասադների վարչակարգը կարող է դիմակայել, եթե Մոսկվան և Պեկինը նույնքան հետևողական լինեն Իրաքի և Լիբիայի սցենարի կրկնությունը թույլ չտալու իրենց ռազմավարության մեջ:
Ակնհայտ է, որ սիրիական ճգնաժամի «հանգուցալուծումը» իշխանությունից ալևիների «չեզոքացման» ճանապարհով անխուսափելիորեն դուռ կբացի Իրանի դեմ պատերազմի սանձազերծման համար: Եվ եթե Ասադների ռեժիմի հեռացումը Սիրիայում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել այդ երկրից հայ համայնքի շատ արագ հեռանալուն, ապա Իրանի դեմ հնարավոր պատերազմը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծելու նաև Հարավային Կովկասում, որի հետևանքները կարող են աղետալի լինել արդեն Հայաստանի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել