
ԱՄՆ-ն կարող է հայտարարել Ուկրաինային 125 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Վաշինգտոնը կարող է հայտարարել Ուկրաինային 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի հատկացման մասին։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ նոր փաթեթի կազմում կներառվեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, HIMARS տեսակի ՀԿՌՀ-ների արկեր, Javelin տեսակի հակատանկային համալիրներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Օգոստոսի 15-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնել:
Ավելի վաղ, Politico պարբերականը, հղում անելով ամերիկյան վարչակազմի երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բաց է Ուկրաինային JASSM տեսակի հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու գաղափարի քննարկմանը, թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել