
Ռոբերտ Քենեդի կրտսերը դուրս է եկել մրցապայքարից ու իր աջակցությունը հայտնել Թրամփին
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը օգոստոսի 23-ին հայտարարել է, որ դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը, սակայն «դուրս չի գալիս ընտրապայքարից»: Այդ մասին հայտնում է CNN-ը։
«Ես դուրս չեմ գալիս ընտրապայքարից, այլ միայն դադարեցնում եմ այն, բայց չեմ ավարտում։ Նահանգների մեծ մասում իմ անունը կմնա քվեաթերթիկներում»,- Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քենեդի կրտսերը։
Նրա խոսքով՝ 10 նահանգներում նա հանելու է իր անունը քվեաթերթիկներից։ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ այլևս չի հավատում ընտրություններում իր հաղթանակին՝ «այս անխոնջ, համակարգված գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության պայմաններում»:
Բացի այդ, Ռոբերտ Քենեդի կրտսերը նաև ազդարարել է, որ ընտրություններում աջակցում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն հրավիրել է իր ապագա վարչակազմ։
Դոնալդ Թրամփը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Քենեդիին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բոբիին, դա շատ գեղեցիկ էր։ Նա հիանալի տղա է, որին բոլորը հարգում են»,- հայտարարել է Թրամփը։
Ինչպես փոխանցում է CNN-ը, Քենեդին հաղթելու քիչ շանսեր ուներ. նրան աջակցում է ամերիկացիների ընդամենը 2%-ը:
Ռոբերտ Քենեդի կրտսերը ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին է։ 2023 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ, որպես անկախ թեկնածու, մասնակցելու է ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Ի սկզբանե նա նախատեսում էր դառնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Լուսանկարը՝ Kevin Dietsch/Getty Images
Մեկնաբանել