
Կարմիր հրապարակից հիվանդ պապիկը մեզ չի թելադրի իր կարմիր գծերը. Վլադիմիր Զելենսկի
Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինային «կարմիր գծեր» չեն թելադրի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ուղերձում: Նրա խոսքով՝ հայտարարության ձայնագրությունն արվել է Սումիի մարզում, որը սահմանակից է ՌԴ Կուրսկի մարզին։ Այնտեղ օգոստոսի սկզբից ընթանում է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։
«Ուկրաինացիները միշտ վերադարձնում են պարտքերը։ Եվ նա, ով մեր երկրին դժբախտություն էր ցանկանում, այն կստանա իր տանը տոկոսներով: Նա, ով ցանկանում է չարիք սերմանել մեր երկրում, դրա պտուղները քաղելու է իր տարածքում: Սա մարգարեություն չէ, չարախնդություն չէ, կույր վրեժ չէ, սա օրինաչափություն է։ Արդարություն. բումերանգ չարի համար: <…>
Այսօր մենք տոնում ենք Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձը: Իսկ այն, ինչ թշնամին բերեց մեր երկիր, այժմ վերադարձել է իր տուն։ Եվ նա, ով ուզում էր մեր հողերը բուֆերային գոտու վերածել, պետք է մտածի, որ իր երկիրը բուֆերային դաշնություն չդառնա»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։
Զելենսկին Ռուսաստանին նաև անվանել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկչական կազմակերպություն», իսկ Վլադիմիր Պուտինը՝ «Կարմիր հրապարակից հիվանդ պապիկ»: Ընդ որում, Ուկրաինայի առաջնորդը չի նշել Ռուսաստանի նախագահի անունը։
«Նրանց ղեկավարի խունացած աչքերն ամբողջ աշխարհն ընկալում է որպես գորշ գոտի։ Բայց մենք թույլ չենք տա, որ գորշ գոտու վերածվեն այն հողերը, որտեղ իրավամբ պետք է լինի կապտադեղին դրոշը։ Կարմիր հրապարակից հիվանդ պապիկը, ով անընդհատ կարմիր կոճակով սպառնում է բոլորին, մեզ իր ինչ-որ կարմիր գծեր չի թելադրի։ Ինչպես ապրել, ինչ ճանապարհով գնալ և ինչ ընտրություն կատարել, դա իրենց համար կորոշեն միայն Ուկրաինան և ուկրաինացիները։ Քանի որ անկախությունն այդպես է գործում»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր Վլադիմիր Զելենսկին Պուտինին բազմիցս անվանել է «հիվանդ» և «վտանգավոր»։ Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայում ՌԴ զորքերի գործողությունները, ինչպես նաև ՌԴ իշխանությունների մեղադրանքներն այն մասին, որ Կիևը ներգրավված է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը:
Ուկրաինայի զինված ուժերն օգոստոսի 6-ից գրոհում են ՌԴ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Ռազմական գործողությունների ֆոնին այդ շրջաններից հեռացել է մոտ 133 հազար մարդ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել