HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փարաքար համայնքի ավագանու անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է

Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: Ավագանուն դուր է եկել այդ առաջարկությունը և որոշել է հողամասն օտարել: Որոշմանը կողմ է քվեարկել նաև Գևորգ Խաչատրյանը: Սակայն, աճուրդի ժամանակ նշված հողատարածքը գնել է հենց Գևորգ Խաչատրյանը:

Համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող հողատարածքն օտարելու առաջարկությունը Գևորգ Խաչատրյանը ներկայացրել է Փարաքարի ավագանու 2023թ. նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ: 0.25 հա մակերեսով «այլ հողատեսք գործառնական նշանակության» հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանվել է 350 հազ, դրամ, իսկ օտարման նպատակը եղել է անասնագոմ կառուցելը:

Աճուրդը կայացել է 2024թ. հունվարի 29-ին և հաղթող է ճանաչվել հողն աճուրդով վաճառելու առաջարկ ներկայացրած ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը: Այդ ժամանակ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը որոշում է կայացրել աճուրդով վաճառքի հաղթող Գ. Խաչատրյանին հողամասն օտարելու մասին: Որոշման մեջ նշված չէ, թե ինչ գնով է հողամասը վաճառվել:

Գևորգ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե հողամասը գնել է մոտ 400 հազ. դրամով: Ավագանու անդամը հերքեց, թե ինքն է ավագանու նիստի ժամանակ առաջարկել նշված հողատարածքը վաճառել՝ մոռանալով, որ այդ մասին նշված է նաև ավագանու որոշման մեջ:

Գևորգ Խաչատրյանն ասում է, որ իր գնած հողատարածքը քարքարոտ, չմշակվող տեղում է, ներդրումներ են պետք այն նորմալ տեսքի բերելու համար: Ավագանու անդամն ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ ինքն է հողատարածքը գնել:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը, լինելով ավագանու անդամ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում է գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր:

Պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2021թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ հայտարարագրում Գևորգ Խաչատրյանը հայտարարագրել էր 3 միավոր հողամաս՝ Վաղարշապատ, Բարաքար, Նորակերտ բնակավայրերում: Ունեցել է նաև 2 տրանսպորտային միջոց՝ BMW և FORD մակնիշի: Նշված ժամանակ Գ. Խաչատրյանը որևէ եկամուտ չի հայտարարագրել:  Չի ունեցել նաև ոչ մի կանխիկ դրամական միջոց և բանկային հաշիվներ:

2022թ. տարեկան հայտարարագրում Փարաքար համայնքի ավագանու անդամի հողակտորների թիվը հասել է 5-ի: Նույն տարվա ընթացքում 2 միավոր հողատարածք է գնել Փարաքար համայնքում: Քանի որ հայտարարագրի՝ «Տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք» բաժինը Գ. Խաչատրյանը չի լրացրել, հայտնի չէ, թե ինչ գնով է հողատարածքը գնել:

Հայտարարագրում նշված է, որ 3 մլն դրամով վաճառել է BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն նույն ավտոմեքենան հայտարարագրել է նաև տարեվերջին, իսկ եկամուտների բաժնում նշված չէ վաճառված ավտոմեքենայի վերաբեերյալ տեղեկությունը: Ուշագրավն այն է, որ վաճառված հայտարարագրված ավտոմեքենան որպես սեփականություն նշված է նաև Գ. Խաչատրյանի 2023թ. հայտարարագրում: 

2022թ., ըստ ավագանու անդամի հայտարարագրի, որևէ դրամական միջոց չի ունեցել, իսկ տարվա եկամուտը կազմել է 3 մլն 400 դրամ, որը անհատ ձեռնարկատիրական գործունեությունից է ստացել:

Ինչ վերաբերում է 2023թ. հայտարարագրին, ապա Գ. Խաչատրյանը ևս մեկ հողատարածք է գնել Վաղարշապատ համայնքում՝ վճարելով 3 մլն 500 հազ. դրամ:  Նշված տարում դարձյալ չի հայտարարագրել որևէ դրամական միջոց, իսկ եկամուտները եղել են 0 դրամ:

Փարաքար համայնքում կարծես թե ավանդույթ է եղել յուրայիններին համայնքային հող վաճառելը: Համայնքապետարանի երեք պաշտոնյայի՝ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին, Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին ու համայնքապետարանի առաջատար մասնագետին ներկայացվել են քրեական մեղադրանքներ: 

Նշենք, որ Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում ավագանու անդամ է Փարաքարում:

Մասնավորապես՝ 2024թ. հունիսին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:

Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:

Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս, Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել:

2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter