HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը. նրան կարող են քանի հոդվածով մեղադրանք առաջադրել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական TF1-ը և BFMTV-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ 39-ամյա գործարարին ձերբակալել են, երբ նրա մասնավոր ինքնաթիռն Ադրբեջանից ժամանել էր Ֆրանսիայի մայրաքաղաք: Դուրովի հետ միասին եղել է անվտանգության աշխատակից և մի կին, որի անունը լրագրողները չեն նշում:

Դուրովին ձերբակալել են Օդատրանսպորտային ժանդարմերիայի աշխատակիցներն այն հիմքով, որ Ֆրանսիայում, ավելի վաղ, ռուսաստանցի այս գործարարն ընդգրկվել էր հետախուզվող անձանց ցուցակում։ Դուրովի ձերբակալման օրդերը տվել է Ֆրանսիայի դատական ոստիկանությունը «նախնական քննության» հիման վրա, որի մանրամասները չեն բացահայտվում։ 

TF1 հեռուստաընկերության տվյալներով՝ Ֆրանսիայում Դուրովին կարող են ահաբեկչության, թմրանյութերի, խարդախության, փողերի լվացման, գողացված իրերի վաճառքի և անչափահասներ դեմ ուղղված սեռական հանցագործությունների մեղադրանքներ ներկայացնել:

Այս ամենը պայմանավորված է Telegram-ում մոդերացիայի բացակայությամբ, ինչպես նաև մեսենջերի ղեկավարության՝ ֆրանսիական  իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու և Telegram-ի տարբեր գործիքների օգտագործման պատճառով, ինչպես օրինակ՝ կրիպտոարժույթի միջոցով զանազան գործարքները:

BFMTV-ի զրուցակիցը նշել է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները Դուրովին համարում են Telegram-ի միջոցով կատարվող հանցագործությունների հանցակից՝ բովանդակության մոդերացիայից հրաժարվելու պատճառով։

TF1-ի աղբյուրն էլ նշում է, որ Telegram-ի հիմնադիրը հավանաբար կկալանավորվի։ Հիմա նա ձերբակալված է։ «Իր հարթակում նա թույլ է տվել անթիվ իրավախախտումների և հանցագործությունների կատարում՝ ոչինչ չձեռնարկելով դա չափավորելու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու համար»,- ասել է զրուցակիցը։ Հեռուստաընկերությունը փոխանցում է, որ արդեն այսօր Դուրովը կկանգնի քննչական դատավորի առաջ (ֆրանսիական պաշտոն, որը, ի տարբերություն դատախազի, ապացույցներ է հավաքում ինչպես մեղադրող կողմի, այնպես էլ պաշտպանական կողմի օգտին՝ խմբ.):

TF1-ը գրում է, որ Դուրովի ձերբակալության օրդերը գործում է միայն Ֆրանսիայում։ Դուրովն իմացել է, որ Ֆրանսիայում իրեն հայտարարել են «անցանկալի անձ», նա քիչ էր ճանապարհորդում Եվրոպայում և խուսափում էր այն երկրներից, որտեղ Telegram-ի աշխատանքը գտնվում է ուժայինների ուշադրության կենտրոնում։ «Այսօր նա սխալ արեց։ Մենք չգիտենք՝ ինչու»,- լրագրողներին հավելել է աղբյուրը։ BFMTV-ն Ֆրանսիայում Դուրովի հայտնվելը «հանելուկ» է անվանել։

2021 թվականին հայտնի դարձավ, որ Դուրովը, որը 2014 թվականին արտագաղթել էր Ռուսաստանից, ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Վերջին տարիներին գործարարը բնակվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում։ 

TF1-ը նշում է, որ Ֆրանսիայի իշխանությունները կարող են Պավել Դուրովի ձերբակալությունն օգտագործել Եվրոպայի այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք ավելի ակտիվ պայքարեն գաղտնագրված մեսենջերների դեմ, որոնցից օգտվում են նաև ահաբեկիչները։ Դուրովի ձերբակալությունից հետո Toncoin (TON) կրիպտոարժույթը, որը կիրառվում է Telegram-ի ներսում գործառնություններ կատարելու համար, ընկել է 14%-ով։ 

Լուսանկարը՝ fortune.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter