
Նույն ընկերության մոտ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում պատահարի մասին կրկնակի տեղեկացումը ձևական է. Վճռաբեկ դատարանի որոշումը
Հրապարակվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը վերաբերում է ապահովագրական ընկերությանը վթարի մասին տեղեկացնելուն: Դատարանի որոշման համաձայն` եթե վթարի մասնակից երկու տրանսպորտային միջոցերի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է նույն ընկերության մոտ, ապա պատահարի ժամանակ նույն ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը կրկնակի տեղեկացնելու պարտականությունը կրում է ձևական բնույթ՝ զուրկ բովանդակային նշանակությունից, և չի ծառայում օրենսդրի նպատակին: Այլ կերպ ասած` նույն ընկերության մոտ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող վթարի մասնակից տրանսպորտային միջոցի վարորդներից մեկի՝ վթարի մասին ապահովագրող ընկերությանը հայտնելն արդեն իսկ բավարար է, և պարտադիր չէ մյուս վարորդի տեղեկացումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու կանոնն ինքնանպատակ չէ, քանի որ դրանով հնարավորություն է ընձեռվում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես՝ հավաքելու պատահարի մասին լրացուցիչ, ելակետային տվյալներ, մասնակիցներին տրամադրելու իրենց հետագա վարքագծի մասին տեղեկատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տալու ապահովագրական պատահարի հետևանքով հնարավոր կամ հատուցման ենթակա վնասները նվազեցնելու, արդյունավետ և արագ իրավիճակը լուծելու, ինչպես նաև երթևեկության բնականոն ընթացքը վերականգնելու մասին ցուցումներ: Իսկ պարզեցված հատուցման գործընթացի դեպքում պատահարի մասին տեղեկացվելու պայմաններում ապահովագրողը, նախ՝ հավաստիանում է, որ վարորդները չեն խոչընդոտում բնականոն երթևեկությանը, որից հետո հարցադրումներ կատարոում համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվության վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ընդունած կանոններով սահմանած ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին ընկերությունը տեղեկացել է դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է իր մոտ՝ ստանալով պատահարի և դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն, ապա տեղեկացումը ծառայել է օրենքով հետապնդվող նպատակին։ Ըստ դատարանի՝ տեղեկացվելուց հետո ապահովագրողն արդեն ունեցել է գործողություններ ձեռնարկելու իրական հնարավորություն:
Դատական վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ֆինանսական հաշտարարը վարորդներից մեկի օգտին որոշում է կայացրել, ինչը դուր չի եկել ապահովագրական ընկերությանը։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցն օգտագործող քաղաքացու և «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի միջև կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիր, որով ապահովագրել է MERCEDES մակնիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը:
2021թ. հուլիսի 9-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ նշված MERCEDES և մեկ այլ քաղաքացու պատկանող OPEL մակնիշի ավտոմոբիլների մասնակցությամբ: OPEL-ի սեփականատերը ևս ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի հետ։
Ապոհավագրական ընկերությունը վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջությանը պատճառված վնասների հատուցման և OPEL մակնիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասի հատուցման որոշումներ է կայացրել:
Ապահովագրական ընկերությունը MERCEDES մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը ներկայացրել է հետադարձ պահանջ, այլ կերպ ասած՝ OPEL մակնիշի ավտոմեքենայի համար հատուցած վնասների հետգանձում՝ մոտ 1 մլն 424 հազ. դրամի չափով: Պատճառաբանությունն այն է, որ ապահովագրական պատահարից հետո պատահարի մասին MERCEDES-ի վարորդը կամ սեփականատերը չեն հայտնել «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ներկայացուցչին: Ընկերությունն ընդունել է, որ թեև այլ անձի միջոցով տեղեկացվել է ապահովագրական պատահարի մասին, այդուհանդերձ միայն այն հիմքով, որ MERCEDES-ի սեփականատերը կամ վարորդը սահմանված ժամկետում և կարգով իրենց չեն տեղեկացրել պատահարի մասին, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի մոտ MERCEDES-ի սեփականատիրոջ նկատմամբ ծագել է հետադարձ պահանջի իրավունք:
MERCEDES-ի սեփականատերը ապահովագրական ընկերությանը խնդրել է իր նկատմամբ չկիրառել այդ պահանջը, ինչը մերժվել է, որից հետո քաղաքացին դիմել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Հաշտատարի որոշմամբ քաղաքացու պահանջը բավարարվել է, ինչից դժգոհ է մնացել «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն և այդ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դիմել դատարան:
Ուշագրավն այն է, որ ստորադաս դատարանները որոշում են կայացրել հօգուտ ապահովագրական ընկերության, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և այն փոփոխել՝ հօգուտ վարորդի:
Մեկնաբանել