HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բնակարանաշինության մարմաջ, որը հիմնովին փոխեց հանգստյան գոտի Ծաղկաձորի կարգավիճակը

Հայաստանի հանգստի, զբոսաշրջության, առողջարանային և սպորտի կարևորագույն  կենտրոն Ծաղկաձորում մեծ թվով բարձրահարկերի կառուցումը հակասում է և՛ քաղաքի գլխավոր հատակագծին, և՛ կարգավիճակին։ 2006թ․-ին Կառավարության ընդունած Ծաղկաձորի գխավոր հատակագծով քաղաքում բնակելի կառուցապատման զարգացումը նախատեսվել է բնակավայրի պահուստային հողերի վրա: Կառուցապատման առավելագույն բարձրությունը բնակելի նշանակության շենքերի համար նախատեսվում է երկու հարկ (առանց մանսարդային և նկուղային հարկերի հաշվառման), հասարակական կառուցապատման համար՝ 4 հարկ։

2022-ից սկսած Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած «Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական, պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը» դրական եզրակացություն է տալիս Ծաղկաձորում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ կառուցելու նախագծերին։ Հանձնաժողովը, անտեսելով քաղաքի գլխավոր հատակագծի պահանջները, կառուցապատողներին թույլատրում է 4-ից մինչև 10-հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցել։

Ծաղկաձոր համայնքի ղեկավարը 2020թ-ից մինչ օրս 14 ընկերության քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր  կառուցելու թույլտվություն է տվել՝ «Կեչի հանգստյան տուն», «Ծաղկաձոր սպորտային համալիր», «Պալլադա Ծաղկաձոր», «Կապիտալ Բիլդ», «4Ա կապիտալ», «Սատուրնավան», «ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ», «Ծաղկաձորի հացատուն», «ԼԵԳԱԼ», «ՀԱՆ ԳՐՈՒՊ», «ԻՆՏՐԱ», «ԷԴԻՖԱՅՍ» սահմանափակ պատախանատվությամբ ընկերություններին, «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ին և անհատ ձեռներեց Արսեն Սարգսյանին։

Բարձրահարկեր կառուցելու բիզնեսով են տարվել այնպիսի ընկերություններ, որոնց գործունեությունը տասնամյակներով հանգստյան տների, հյուրանոցային ծառայությունների մատուցումն է եղել Ծաղկաձորում, ինչպես՝ «Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ–ն։ Ընկերություններ, որոնց գործունեությունն աղերս չունի շինարարության հետ, օրինակ՝ 2006թ-ից թեթև մարդատար ավտոմոբիլների մեծածախ առևտրով զբաղվող «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ն։ Ընկերությանն այս տարի՝ 2024թ-ին, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծման թույլտվություն է տրվել։

Հատկանշական է, որ ընկերությունների մեծ մասը սկզբում համայնքի ղեկավարից նախագծման թույլտվություն է ստացել հյուրանոցային համալիր կամ Ծաղկաձոր հանգստյան գոտուն բնորոշ հանգստի այլ օբյեկտ կառուցելու համար։ Որոշ ժամանակ հետո համայնքի ղեկավարին խնդրել են մի «անմեղ» փոփոխություն կատարել ճարտարապետահատակագծային առաջադրանքում (նախագծման թույլտվություն)։ Համայնքի ղեկավարն ուղղում է կատարել իր նախորդ որոշման մեջ՝ «օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել «բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում» բառակապակցությամբ:

«Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ-ին, օրինակ 2022թ նոյեմբերին նախագծման թույլտվություն է տրվել՝ առողջարանը հյուրանոցի վերածելու, լողավազանի և ռեստորանի մասնաշենքի  կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար։ 2024թ օգոստոսին ընկերության ղեկավարի դիմումի հիման վրա Ծաղկաձոր համայնքի ղեկավարը ուղղում է կատարել 2023թ․-ին իր տրամադրած ճարտարապետահատակագծային առաջադրանքում։ Փոխել է օբյեկտի անվանումը և հողի նշանակությունը՝  հյուրանոցի փոխարեն ընկերությունը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի:

Նույն կերպ այս տարվա ապրիլին փոփոխվել է «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին տրված նախագծման թույլտվությունը։ 2023թ–ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում ուղղում կատարելու միջոցով ընկերությանը թույլատրվել է «բազմաբնակարան շենքի վերակառուցում՝ բնակելի հարկերի ավելացմամբ»։

Համայնքի ղեկավարի որոշումով՝ փոխվել են նաև «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ–ին, «ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին, Արսեն Սարգսյանին բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր» կառուցելու համար տրված նախագծման թույլտվությունները։ Նրանց թույլատրվել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ կառուցել։

Ապագայում բազմաբնակարան շենքեր կառուցողների թիվն ավելանալու է, քանի որ նոր ընկերություններ և անհատներ են հողեր գնում համայնքից, իսկ ովքեր ունեին, ընդլայնում են հողատարածքները։ Խոշորացնելուց հետո հանգստի համար նախատեսված հողի նշանակությունը փոփոխում են բնակելի կառուցապատման հողերի, այնուհետև՝ դրանք դառնում են բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ։

Պաշտոնապես չհայտարարված այս ծրագրի հովանավորն այսօրվա Կառավարությունն է։ Վարչապետի որոշումով ստեղծված «Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը» հողերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխում է բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասի: Եզրակացության հաջորդ կետով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին ու ավագանուն հանձնարարում է՝ «հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կատարված փոփոխություններն արտացոլել Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագծում»։

Այդպես, Ծաղկաձորի հողային հաշվեկշում պարբերաբար կատարվող փոփոխություններով նվազում են հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված հողերը։ Ավագանին արդեն անտառային հողերն է փոփոխում հանգստի համար նախատեսված հողերի։ Վերջին որոշումներից մեկով Ծաղկաձոր համայնքում 0,11819 հա մակերեսով անտառային, անտառ նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել է հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հանգստի համար նախատեսված հողամասերի։

Չի պատճառաբանվում, թե որն է փոփոխելու նպատակը, բայց մեծ հավանականությամբ, որոշ ժամանակ հետո այն փոխվելու է բնակելի կառուցապատման նշանակության հողամասի։

2006թ․-ին (Կառավարության 16 հունիսի N 927-Ն որոշում) հաստատված Ծաղկաձորի գլխավոր հատակագծով քաղաքում հանգստի և առողջարանային կառուցապատման զարգացումը նախատեսվում էր բնակավայրի դիմացի լանջին, որտեղ լինելու էին առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ, զվարճանքի ու ժամանցի վայրեր:

Մինչ այդ Կառավարությունն ընդունել էր «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և հաստատել միջոցառումների ցանկը (2005թ;N 948-Ն որոշում): Նպատակը  Ծաղկաձորը որպես միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն դարձնելն էր, տուրիզմի միջազգային շուկաներում Ծաղկաձորի՝ որպես ձմեռային կուրորտի, գաղափարը զարգացնելը:

Խնդիր էր դրվել 3000 զբոսաշրջիկի ընդունելու կարողություն ունեցող քաղաքը զարգացնել և մինչեւ 2012թ.-ը դարձնել 15 հազար զբոսաշրջիկ ընդունելու պատրաստ կենտրոն: Հայաստան այցելող յուրաքանչյուր այցելուի համար տեսանելի դարձնել, որ քաղաքն իր մեղմ կլիմայով ու ձյունառատ ձմեռներով գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում, 2006թ-ին «Թայգեր Դեվ Սուիսս» շվեյցարական ընկերությունը մշակել էր «Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագիրը»։ Ծրագրով նախատեսված ձմեռային մարզաձեւերի հետագա զարգացման համար նկատի առնված տարածքները Կառավարությունն ընդգրկել է Ծաղկաձոր քաղաքի վարչական սահմաններում։

Ըստ այդմ, անցնող տարիներին քաղաքում վերակառուցվեցին ու կառուցվեցին 60-ից ավելի հանգստյան տներ ու հյուրանոցներ, 50-ից ավելի հյուրատներ,  արդիականացվեցին սպասարկման ոլորտի ենթակառուցվածքները՝ ճոպանուղու գործունեությունը, ճանապարհները, տեղեկատվական ենթակառուցվածքները, հասարակական ծառայությունները, խանութները, զվարճալիքները սպասարկման ենթակառուցվածքները և այլն։

Կառավարությունը Ծաղկաձորի գլխավոր հատակագծով բնակչության առավելագույն թիվն ընդունել է 3000 մարդ` ելնելով հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից, նկատի ունենալով նաև բնակչության հեռանկարային աճը։ 2016թ․-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը 1540 մարդ է (տնային տնտեսությունների թիվը՝ 583)։ Ծաղկաձորի զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում էր տեղի բնակչությանն առավելագույնս ընդգրկել բիզնեսի և զբոսաշրջության պրոցեսներում, և այս թիվը լիովին բավարար է համարվել դրա համար:

Ներկայիս Կառավարությունը, բազմաբնակարան համալիրների կառուցապատումն արտոնելով, ոչ միայն Ծաղկաձորի կարգավիճակն է անտեսում, այլև չի ներկայացնում, թե հեռանկարում ինչի է վերածվելու հանգստյան քաղաքը, որքան բնակիչ պետք է ունենա, և ինչպես է լուծվելու նրանց զբաղվածության հարցը։

Ընդգծենք, որ Ծաղկաձորի գլխավոր հատակագիծը և զբոսաշրջության զարգացման ծրագիրը մինչ օրս փոփոխության չեն ենթարկվել, չկա որևէ ծրագիր, որն այլ նպատակներ սահմանած լինի հանգստյան քաղաքի համար։ Ո՛չ Կառավարությունը, ո՛չ Ծաղկաձոր համայնքը չունեն նոր փաստաթուղթ, որով խնդիր է դրվել փոխել քաղաքի կարգավիճակը, ավելացնել բնակչության թիվը։ Բոլոր որոշումներում հղում է կատարվում Ծաղկաձորի գլխավոր հատակագծին, բայց ընդունված որոշումները հակասում են հատակագծի դրույթներին։

«Հետքը» հրապարակել է, որ «Սատուրնավան» ՍՊԸ-ն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում՝ 9-հարկանի 13 շենք՝ 1164 բնակարանով։ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն 9 և 10-հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն ունի, որը նախատեսված է 3000 մարդու համար (700 բնակարան)։ Միայն այս երկու համալիրները շահագործման հանձնելուց և բնակեցնելուց հետո Ծաղկաձորի բնակչության թիվը կարող է անցնել 9 հազարը, որը գերազանցում է ներկայիս բնակչության թիվը 6 անգամ։

«ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ»–ի բազմաֆունկցիոնալ բնակելի և հյուրանոցային համալիրի «Ա» մասնաշենքը 5 հարկ կունենա, «Բ» մասնաշենքը՝ 9, «Գ» մասնաշենքը՝ 4, «Դ» մասնաշենքը՝ 7  հարկ։

«ԷԴԻՖԱՅՍ» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերը՝ 5 և 7 հարկ և այլն։

Բազմաթիվ այդպիսի համալիրներ կառուցելու շինթույլտվություններ են տրվել վերը նշված ընկերություններին։ «ԼԵԳԱԼ» ՍՊԸ-ն, օրինակ, 2021թ-ին բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շինթույլտվություն է ստացել Սարալանջի 1-ին փողոց թիվ 1  հասցեում, նաև նույն փողոցի հինգ այլ հասցեներում բնակելի շենքեր կառուցելու համար:

Լուսնկարները՝ Սարո Բաղդասարյանի, արխիվ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter