
Կիևը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին Բելառուսի զորքերի կուտակման մասին
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Բելառուսը, զորավարժությունների անվան տակ, զգալի քանակությամբ անձնակազմ և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ խոսքն Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, Բելառուսի Գոմելի մարզում, այդ երկրի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների, տանկերի, հրետանու, ՀԿՌՀ-ների և ՀՕՊ-ի ներգրավման մասին է: Ուկրաինայի ԱԳՆ-ից հավելել են, որ Բելառուսի տարածքում «նկատվել են նաև» Վագների վարձկանները։
Belarusian armed forces are concentrating a significant number of personnel, weapons, and equipment near Ukraine's northern border under the guise of exercises.
— MFA of Ukraine 🇺🇦 (@MFA_Ukraine) August 25, 2024
We warn Belarusian officials not to make tragic mistakes under Moscow’s pressure and withdraw forces from our border. pic.twitter.com/w7rmcIJQf3
Ուկրաինայի ԱԳՆ-ն Բելառուսի իշխանություններին կոչ է արել «Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ», իսկ ռազմական հրամանատարությանը՝ դադարեցնել «ոչ բարեկամական գործողությունները» և հետ քաշել բանակը ուկրաինական սահմաններից:
«Սահմանի խախտման դեպքում Ուկրաինան ինքնապաշտպանության միջոցներ կձեռնարկի, իսկ բելառուսական զորքերի բոլոր կուտակումները կդառնան Ուկրաինայի զինված ուժերի համար օրինական թիրախներ»,- ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Մենք ընդգծում ենք, որ Ուկրաինան երբեք ոչ բարեկամական գործողություններ չի արել և չի պատրաստվում անել բելառուս ժողովրդի դեմ»,- շարունակել է պաշտոնական Կիևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բելառուսական բանակի գրեթե մեկ երրորդը տեղակայվել է Ուկրաինայի հետ սահման: Նա նաև հայտնել էր Բրեստից Գրոդնո պաշտպանական գծերի կառուցման մասին։
Լուսանկարը՝ Natalia Kolesnikova/AFP via Getty Images
Մեկնաբանել