HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն արգելել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ քվեարկած պատգամավորների մուտքն այդ երկիր

Ադրբեջանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ՝ խմբ.) են հայտարարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել այդ կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը: Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս որոշմանը կողմ քվեարկած բոլոր անձինք «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել մեր երկրում։ Եթե նրանք ցանկանան այցելել Ադրբեջան մինչև ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության լիազորությունների վերականգնումը, ապա նրանց մուտքը մերժվելու է»,- նշել է ադրբեջանցի այս պաշտոնյան։

Օգոստոսի 23-ին ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն Բաքվին մեղադրել էր Եվրոպայի խորհրդի անդամ մնալ չցանկանալու մեջ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Շվաբեն նաև հայտարարել էր Ադրբեջանում COP29 միջազգային կլիմայական համաժողովի անցկացման ընթացքում այդ երկիր այցելելու իր մտադրության մասին:

Բացի այդ, գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել էր, որ վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները ԵԽԽՎ առաքելությանը չեն հրավիրի հետևել սեպտեմբերի 1-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հաջիզադեի խոսքով՝ «Շվաբեին քաջ հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ընդհատված մանդատը միակ պատճառն է, որ այդ կազմակերպության դիտորդները չեն ստացել համապատասխան հրավեր»։

Հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել էր ԵԽԽՎ-ում իր աշխատանքը՝ ի նշան իր լիազորությունների վիճարկման դեմ բողոքի: «Ի դեմս ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաատյացության և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի՝ Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասված էր այդ երկրի պատվիրակության հայտարարության մեջ։

Այս որոշումը կայացվել էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշման ֆոնին: Որպես հիմք նշվել էր այն, որ Ադրբեջանը կազմակերպության ներկայացուցիչներին չի հրավիրել դիտարկելու փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները: Բացի այդ, ԵԽԽՎ-ն Բաքվին մեղադրել էր ընդդիմությանը հետապնդելու և արցախահայության իրավունքները խախտելու մեջ։ 

Լուսանկարը՝ Բրիտանիկա հանրագիտարանի կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter