HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ

Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատմամբ։

Սահմանապահները հայ տուրիստներին ստիպում են ժամերով սպասել օդանավակայանում, կոպիտ են վերաբերվում, ծաղրում են նրանց, որոշներին ընդհանրապես արգելում են մուտք գործել երկիր։

Բուլղարիա մուտքը արգելված է՝ խտրականություն Սոֆիայի օդանավակայանում

Բուլղարիայում խտրական վերաբերմունքի արժանացած քաղաքացիներից մեկը Արամ Մնացականյանն է, որը «Հետքի» հետ զրույցում մանրամասներ է պատմել։

Արամն ու իր ընկերը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատնից ստացել են շենգենյան վիզա և օգոստոսի 7-ին Երևանից մեկնել են Սոֆիա։

Բուլղարիայում սահմանապահները չեն կնքել նրանց անձնագրերը, Արամին ու իր ընկերոջը տարել են առանձին տարածք, որտեղ խուզարկել են և մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել են, որ մերժում են երկիր մուտք գործել։ Նրանց տվել են մերժման մասին թերթիկը, որում նշած է եղել, որ երիտասարդները չեն կարողացել հիմնավորել Բուլղարիա այցի նպատակը։

Արամի խոսքով՝ նրանց փաստաթղթերի հետ որևէ խնդիր չի եղել, վիզան առանց որևէ խնդրի ստացել են ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատանը, ունեցել են Բուլղարիայում և՛ վճարված հյուրանոցի, և՛ վարձով տան ամրագրումները, բժշկական ապահովագրությունը, վերադարձի տոմսը։

«Մուտքը մերժելուց հետո մեզ տարան բանտանման տեղ, որտեղ պայմանները ահավոր էին։ Չկար հոսանք, ինտերնետ կապը չէր աշխատում, շատ շոգ էր, ամենուր միջատներ էին, սարսափելի վիճակ էր։ Մեզ ուտելիք չէին տալիս, արտաքին աշխարհի հետ կապը միայն մի պատուհան էր, որի մոտ պիտի ժամերով սպասեիր մի ոստիկան անցներ, որ կարողանայիր խնդրել նրան՝ քեզ ուղեկցեր սրճարան, որտեղ էլ կկարողանայիր ինչ-որ ուտելիք գնել»,- պատմում է Արամը։

Արամն ու իր ընկերը այդ պայմաններում անցկացրել են 4 օր,  սպասել են Սոֆիայից Երևան հաջորդ չվերթին։

Նման իրավիճակի մեջ են հայտնվել նաև Դավիթ Բաղդասարյանն ու իր կինը։ Հունիսի 9-ն Երևանից մեկնել են Սոֆիա, որտեղ պլանավորել են մնալ մի քանի օր, որից հետո մտադրվել են մեկնել ծով՝ հանգստանալու։

Օդանավակայանում սահմանապահները մոտ 60 հոգի առանձնացրել են և սկսել են կոպիտ հարցաքննել և վախեցնել։ Նրանց մեջ այլ երկրի քաղաքացի չի եղել, բոլորը ՀՀ քաղաքացիներ են եղել։

«Մեր հետ ինքնաթիռում կար նաև պարի խումբ, իրենց սկսեցին ծաղրել, ասում էին՝ դե պարեք, համոզվենք, որ իրոք պարի խումբ եք, անսամբլի ղեկավարին հարցնում էին՝ դու՞ ես դիջեյը։ Շատերին վախեցնում էին, ստիպում էին ստորագրություն տալ, որ Բուլղարիայից այլ շենգեն երկիր չեն գնա»,-«Հետքին» պատմել է Դավիթը։

Ամբողջ խմբից բուլղարացի սահմանապահները ընտրել են Դավիթին, կնոջը և մեկ այլ ուղևորի՝ երկու երեխաների հետ և տեղեկացրել են, որ մերժում են մուտք գործել Բուլղարիա, պնդելով, թե նրաք ստում են և իրականում չեն պատրաստվում ծով գնալ։

«Ասում էին` եթե ծով եք գնում, ինչու եք եկել Սոֆիա, ինչու Երևանից չարթերային թռիչքով չեք մեկնում միանգամից ծով։ Բացատրում էի, որ WizzAir-ով տոմսն ավելի մատչելի է, բացի այդ, պարտավոր չենք չարթերային տոմս գնել, ուզում ենք մայրաքաղաքում նույնպես ման գալ։ Որևէ բան բացատրելն անիմաստ էր»,-պատմում է Դավիթը։

Սահմանապահները նրանց կոպիտ խուզարկել են, պայուսակների պարունակությունը լրիվ դատարկել են նստարանին։ Լուսադեմին նրանց տարել են մեկուսարան։

Դավիթը մեկուսարանից կապ է հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպանատան հետ, պատմել է տեղի ունեցածը։ ՀՀ դեսպանատան աշխատակիցը առաջարկել է հեռախոսը փոխանցել ոստիկանին՝ հարցը պարզելու համար, սակայն տարածքում մարդ չի եղել։ Առավոտյան 11-ին նոր աշխատակից է եկել և նրանց ուղեկցել է խանութ՝ ուտելիք գնելու։

Մի քանի օր այդտեղ չանցկացնելու համար Դավիթը խնդրել է իր բարեկամին դեպի Երևան տոմս գնել։ Նոր տոմսը Դավիթը ցույց է տվել ոստիկաններին, որից հետո մի քանի ժամ անց նրանց վերադարձրել են անձնագրերը և ուղեկցել են օդանավակայան։ Զույգը Սոֆիայից թռել է Ստամբուլ, այնտեղից էլ՝ Երևան։

Այս միջադեպից առաջ Դավիթը մարտ ամսին է այցելել Բուլղարիա։ Նա համոզված է, որ Բուլղարիայի իշխանությունները հատուկ են ցույց տալիս նման վերաբերմունք, որ Բուլղարիայով մարդիկ շենգենի այլ երկրներ չգնան։

«Ֆեյսբուք»-ում հայկական տուրիստական խմբերում կան տասնյակ մեկնաբանություններ Բուլղարիայում նմանատիպ դեպքերի մասին։

Բռնության դեպքերը 

Արամը մեզ պատմել  է, որ բացի անմարդկային պայմաններից, վերջին օրը տղաների հանդեպ բուլղարացի ոստիկանները նաև բռնություն են կիրառել։

«Մենք սրճարանից ուտելիք էինք գնել և ուզում էինք այդտեղ ուտել, սակայն մեզ արգելեցին սրճարանում ուտել, քանի որ, ոստիկանի խոսքով, դա համարվում էր հանրային վայր։ Ես բողոքեցի, ասացի, որ դա մեր իրավունքների խախտում է, ինչից ոստիկանը բորբոքվեց, սկսեց շորերիցս քաշել և բռնի ուժով դուրս բերել սրճարանից»,- պատմում է Արամը։

Արամի ընկերը նկարել է միջադեպը, սակայն ոստիկանը հարձակվել է նրա վրա նույնպես, տապալել է գետնին, վնասվել է նրա մեջքը։

«Նրանք գիտակցում էին, որ ապօրինի բան են արել, մեր դեմ բռնություն են կիրառել, դրա համար ուզում էին ջնջել վիդեոները։ Արդեն անհնար էր դիմադրելը, ստիպված տվեցինք հեռախոսների գաղտնաբառերը։ Ոստիկանները մոտ մի ժամ անց նոր վերադարձրին հեռախոսները, բնականաբար, բոլոր վիդեոները և նկարները ջնջել էին»,- ասում է Արամը։

Հայաստան վերադառնալուն պես Արամը նամակ է գրել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատուն այն մասին, որ իրենց մերժել են մուտք գործել երկիր, և պահանջել է պարզաբանում։ Դեսպանատնից պատասխանել են, որ Արամը կարող է բողոքարկել որոշումը։

ԱԳՆ-ի պարզաբանումը

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել, որում նշված է, որ վերջին շրջանում դիմումներ են ստացել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներին մերժում են մուտք գործել Շենգենյան համաձայնագրի երկիր և հետ են ուղարկում։ Որպես պայմանական օրինակ նշված է հենց Բուլղարիան։

«Պայմանական օրինակ. շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ շենգենյան գոտու այլ երկիր։

Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն»,- ասված է պարզաբանման մեջ։

Ըստ էության, ԱԳՆ-ն ասում է, որ նման իրավիճակը նորմալ է։

Սակայն քաղաքացիների վկայությունները ցույց են տալիս, որ բուլղարացի սահմանապահները չունեն հստակ մոտեցում, այս գործընթացը թափանցիկ չէ, պարզ չէ, թե ինչպես են նրանք որոշում որոշներին թողնել մուտք գործել, իսկ որոշներին՝ ոչ։

ՀՀ քաղաքացիներին մերժում են մուտք գործել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն պատրաստվում Բուլղարիայից մեկնել շենգենյան այլ երկիր, չեն փոխում այցի նպատակը։

Ստացվում է՝ Հայաստանից Բուլղարիա ժամանող ամեն չվերթից մի քանի քաղաքացու կամայական մերժում են՝ ինչ-որ բան ցույց տալու և քաղաքացիներին վախեցնելու համար։

Բացի այդ, Շենգենյան համաձայնագրի ստորագրած բոլոր երկրները ընդունել են կանոններ, որոնցով թույլ են տալիս շենգեն վիզա ունեցող անձին ազատ տեղաշարժվել շենգենյան գոտում։

Ըստ Շենգենյան համաձայնագրի 6-րդ և 5-րդ հոդվածների՝ արգելված չէ ստանալ շենգենյան գոտու որևէ երկրի վիզա, մուտք գործել այդ երկիր, այնուհետև գնալ մեկ այլ շենգենյան երկիր։

Հետևաբար նույնիսկ եթե Բուլղարիա այցի ժամանակ շենգենյան վիզա ունեցող ՀՀ քաղաքացին որոշի գնալ մեկ այլ շենգենյան երկիր, օրինակ՝ Իսպանիա, և վերադառնալ Բուլղարիա, դրանով նա չի խախտի որևէ օրենք։

Բուլղարիայի սահմանապահների մոտեցումը հակասում է Շենգենյան համաձայնագրի ամբողջ տրամաբանությանը։ Եթե քաղաքացին կարող է այցելել միայն այն երկիր, որի դեսպանատնից ստացել է վիզան, ապա ստացվում է, որ ամեն շենգենյան գոտու երկիր մուտք գործելու համար առանձին վիզա է պետք ստանալ։

Հետաքրքիր է, որ ՀՀ քաղաքացիներին Բուլղարիան սկսել է հետ ուղարկել այս տարվա մարտ ամսից հետո, երբ Բուլղարիան պաշտոնապես միացել է շենգենյան գոտուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter