HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Օգոստոսի 26-ի գիշերն ու առավոտյան օդային տագնապ է հայտարարվել երկրի ողջ տարածքում։ 

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոյի խոսքով՝ հարվածի թիրախ են դարձել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ 

«Իրավիճակը բարդ է, հարձակումների հետևանքները ճշտվում են։ Էներգետիկներն արդեն աշխատում են դրանց վերացման ուղղությամբ»,- հայտնել է նա։ Առավոտյան «Укрэнерго» ընկերությունը հանձնարարել էր վթարային անջատումներ իրականացնել։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժել է 15 մարզ: «Թշնամին կիրառել է տարբեր զինատեսակներ՝ ԱԹՍ-ներ, թևավոր հրթիռներ։ Կան վիրավորներ և զոհեր։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց հարազատներին և մտերիմներին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Շմիգալը։

Ուկրաինական լրատվամիջոցները փոխանցում են, որ հարձակման ժամանակ ՌԴ զինուժն օգտագործել է ավելի քան 100 հրթիռ և մոտ 100 անօդաչու։ 

Ռուսական հարվածներից տուժել է նաև Կիևի հիդրոէլեկտրակայանը։ Հրապարակված կադրերից երևում է, որ վնասվել են հիդրոէլեկտրակայանի մեքենասրահը և ամբարտակի երթևեկելի մասը։

Լուցկում հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքերից մեկն ու ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը։ Մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Իգոր Պոլիշուկը հայտնել է 1 զոհի մասին։

Զապորոժիեի մարզում էլ զոհվել է 1 մարդ։ Եվս մեկ մարդ էլ զոհվել է Դնեպրոպետրովսկի մարզում։ 

Ժիտոմիրի մարզում վնասվել են բնակելի տներն ու կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները։ Զոհվել է 1 խաղաղ բնակչուհի։ Օդեսայի մարզային վարչակազմն էլ փոխանցել է, որ վնասվել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ տասնամյա երեխա։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով այս հարձակումը, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հիվանդ արարած» է։

«Պուտինն ինքն իրեն չի փոխում։ Բոլորին վաղուց արդեն պարզ է, որ դա հիվանդ արարած է։ Բայց նաև պարզ է, որ նա կարող է անել միայն այն, ինչ աշխարհը նրան թույլ կտա անել»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ռուսական զորքերը հարվածները հասցրել են «էներգետիկ այն օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը»: Ռուսական կողմի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զինուժը «բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի կրիտիկական կարևոր օբյեկտներին»։ 

Ի պատասխան Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ազդարարել է, որ Ուկրաինան նախապատրաստում է պատասխան «հուժկու հարված»։ 

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter