
Բայրամովն ու Ֆիդանը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ օգոստոսի 27-ին, կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նախատեսվում է, որ Բայրամովն Անկարայում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
РИА Новости-ն, հղում անելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կքննարկեն Երևանի ու Բաքվի, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները։
Բացի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների քննարկումից, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն նաև երկկողմ հարաբերությունների ասպեկտների ու տարածաշրջանային այլ խնդիրների վերաբերյալ։
«Քննարկվելու են Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, Իսրայելի և Պաղեստինի միջև առկա իրավիճակը»,- հայտարարել է դիվանագիտական աղբյուրը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել