HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է

2024 թվականի օգոստոսի 15-ին, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

«Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով «Մարիխուանա», 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 396-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ հանցավոր արարք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ այն անձի ինքնությունը, ում հանձնարարությամբ տղամարդը փորձել է իրացնել թմրամիջոցները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք է բերել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ: 

Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:

Վարույթի շրջանակներում 29-ամյա տղամարդը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղադրել է թմրամիջոցները. նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել է նրա կողմից տեղադրված թմրամիջոցների 5 փաթեթ: Ըստ ձերբակալվածի՝ նշված փաթեթներից չորսի պարունակությունը «Կրիստալ» տեսակի, մեկինը՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: 

2024 թվականի օգոստոսի 16-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը: 

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության հասցեում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 97 զիփ փաթեթ։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձանց բջջային հեռախոսները, ինչպես նաև՝ նամակագրությունը, որի արդյունքում հաստատվել է վերջիններիս կողմից՝ միմյանց հետ համագործակցաբար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու հանգամանքը:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 

Միջնորդություն է ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ վերջինիս ծանոթի նկատմամբ՝  393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter