Կվերականգնվի և կբարեկարգվի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքը
«Երևան-իմ սեր» բարեգործական ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի EURASIA HOUSE-ի հիմնադիր և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ծրագրի պատասխանատուներ:
Բարձր գնահատելով մայրաքաղաքը բարետես, ներկայանալի, նաև ներդրումային առումով գրավիչ դարձնելու քաղաքապետի նախաձեռնությունները` EURASIA HOUSE–ի նախագահը պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության սահմաններում աջակից լինել ձեռնարկվող ծրագրերին:
Նա քաղաքապետին է ներկայացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման ծրագրի մանրամասները, համաձայն որի ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերը կծառայեն որպես կենտրոններ` լսողության խնդիրներ ունեցող երեխաների և միայնակ մայրերի համար: Տարածքում կլինի նաև համայնքային նշանակության կառույց:
Շենքերի վերականգնումից բացի` ծրագրով նախատեսվում է նաև եկեղեցու և շենքերի շրջակա տարածքների բարեկարգում և այգու հիմնում, որը, որպես հանգստի գոտի, կծառայի նաև շրջակայքի բնակչությանը: Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են և ծրագիրը պատրաստ է մեկնարկի:
Գնահատելով բարեգործական կազմակերպության նախաձեռնած ծրագիրը` քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ նաև գործարար առաջարկությունների համար` ներկայացնելով այդ դաշտում հնարավոր համագործակցության ոլորտները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել