HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

Փաստաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որով բավարարել է իմ և գործընկերոջս՝ Արայիկ Ղազարյանի, գանգատը: ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4500 եվրո բարոյական վնասի և 2000 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը:

Գործը վերաբերում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությունում 2002–2011թթ միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ «ազդարարմանը» (դիմողն այդ տարիներին աշխատել էր ընկերության անվտանգության համակարգում և անընդմեջ զեկուցել այդ մասին): Դիմողը այդ ընկերության հատուկ բացված էլեկտրոնային հասցեին ոչ հրապարակային ձևով (կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու նպատակով) 26.03.2012թ ներկայացրել էր իր բացահայտումները և խնդրել էր հետաքննել դրանք, սակայն հայաստանյան դատարանները նրան զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության էին ենթարկել՝ Ընկերության պաշտոնատար անձի հայցի հիման վրա: Հայաստանյան դատարանները պարտավորեցնել էին Դիմողից, հօգուտ` հայցվորի, բռնագանձել՝ 2 400 000 ՀՀ դրամ գումար, որը կատարվել էր Դիմողի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր կերպով վաճառքից ստացված միջոցների հաշվին:

ՄԻԵԴ վճիռը մի քանի ասպեկտով է արժեքավոր.

Դեռևս ՄԻԵԴ-ում վիճաբանության փուլում Հայաստանի իշխանությունները գիտակցեցին, որ «պարտվելու» են, ընկրկեցին քաղաքացիական հասարակության ադվոկացիայի և ճնշումների առջև ու, որ պարտավոր են ունենալ «ազդարարներին» պաշտպանող օրենք, արդյունքում 2017թ ընդունեցին «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարությունը պաշտպանում էր ներպետական դատարանների վճիռը և որոշումները, ասելով, որ

- տեղեկությունը ոչ թե՝ ներկայացվել է գաղտնի ձևով, այլ՝ հրապարակային,

- Հայաստանում չկա «ազդարարին», «ազդարարությունը» պաշտպանող և կանոնակարգող օրենք, հետևաբար՝ դատարանները ճիշտ են վարվել:

Սակայն ՄԻԵԴ-ն գնահատական տվեց փաստերին և հաստատեց, որ

- տեղեկությունը տրվել է գաղտնի ձևով և արձանագրեց,

- Դիմողի հայտարարությունների հիմքում ընկած փաստերը չեն ստուգվել,

- տույժի չափը անհամաչափ մեծ է,

- ներպետական դատարանները պարտավոր էին կիրառեին ՄԻԵԴ՝ այլ պետությունների դեմ մինչ այդ կայացրած վճիռներում արձանագրված իրավունքն ու եզրահանգումները, անկախ՝ «ներպետական օրենք» չունենալու հանգամանքից, և պաշտպաններին Դիմողի «արտահայտվելու ազատության իրավունքը»:

ՄԻԵԴ-ն վճռով Հայաստանի Կառավարությանը և Դիմողին կոչ է արել նյութական վնասի չափի շուրջ բանակցել և հաշտության համաձայնություն կնքել:

Ուշագրավ է, որ այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով Հայաստանի Կառավարությունն ամբողջ եռանդով պայքարում է գործը «տանուլ չտալու» համար, այն դեպքում, որ ներպետական, վարչական ռեսուրսները կարելի էր(է) ուղղել միջազգային դատական ատյաններում Հայաստանի միջպետական գանգատները պաշտպանելուն, մեր դեմ ներկայացրած գանգատներից՝ պաշտպանվելուն:

Այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով գանգատների պահանջները Հայաստանի Կառավարության կողմից ընդունելով կամ դիմողների հետ հաշտության համաձայնություն կնքելով, գործնականում՝ իրականացրած կլիներ «անցումային արդարադատություն», դադարեցրած կլիներ իրավունքի խախտման զոհերի իրավունքների շարունակվող խախտումներն ու տառապանքները, կբեռնաթափեր ՄԻԵԴ-ն:

Հուսանք, որ պետական մարմինները, պաշտոնատար անձինք կբեկանեն Եվրոպական կոնվենցիային, հետևաբար՝ ՀՀ Սահմանադրությանը, հակասող վճիռներն ու որոշումները, կվերադարձնեն Հրաչյա Հարությունյանի կորցրած բնակարանն ու ավտոմեքենան, կհատուցեն նրան՝ տասնամյակ ձգվող նրա և նրա ընտանիքի անարդարության զգացողության դիմաց, կհետաքննեն ՄԻԵԴ այսօրվա վճռում հրապարակված փաստերը և, դրանք հաստատվելու դեպքում՝ կվերականգնեն Հայաստանին հասցված վնասը, պատասխանատվության կենթարկեն մեղավորներին, այդ թվում անարդար վճիռ և որոշումներ կայացրած դատավորներին (պարտադիր չէ՝ լիազորությունների դադարեցումը):

Շնորհավորում եմ Հրաչյային, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին, այս վճռի բոլոր շահառուներին՝ Հայաստանի ժողովրդին, իշխանություններին. շնորհակալություն եմ հայտնում մեր մրցակից կողմին՝ Հայաստանի Կառավարությանը, փառահեղ մրցապայքարի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter