HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Լատվիա. վիճակագրությունը մրցակցի օգտին է

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն այսօր` 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն: 

Հիշեցնենք, որ այս թիմերը, ինչպես նաեւ Հս. Մակեդոնիան ու Ֆարերները ընդգրկված են Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում: Խմբի հաղթողը իրավունք կունենա Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությանը հանդես գալ B լիգայում, երկրորդ տեղը զբաղնողն անցումային խաղեր կանցնակցնի B լիգայի խմբերից մեկում երրորդ տեղ զբաղեցրած թիմի հետ՝ B լիգայում տեղ զբաղեցնելու համար, խմբում երրորդ տեղը գրաված թիմը կմնա C լիգայում, իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցրածը, կախված արդյունքներից, կա՛մ կհայտնվի D լիգայում, կա՛մ անցումային խաղերում կպայքարի՝ այնտեղ չիջնելու համար:

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունը մասամբ նաեւ ընտրական փուլ է աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու ճանապարհին: ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարը կայանալու է 2025 թ.: Մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը:

Երեկ կայացած նախախաղային ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարել է, որ թիմի խնդիրը խմբում հաղթելն է: 

ՀՖՖ-ն արդեն հրապարակել է այսօրվա հանդիպմանը մեր թիմի վերջնական հայտացուցակը: Վնասվածքի պատճառով հայտացուցակում չի ընդգրկվել պաշտպան Ստյոպա Մկրտչյանը: Պաշտպան Էրիկ Փիլոյանը եւ դարպասապահ Արման Ներսեսյանը նույնպես դուրս են մնացել հայտացուցակից:

Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի սերբական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Նենադ Մինակովիչը, մրցավարի օգնականներ՝ Նիկոլա Բորովիչը եւ Բոշկո Բոժովիչը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլան Միտիչը:

Մեր ընտրանին Լատվիայի հետ խաղալու փորձ ունի: Մինչ այս թիմերը հանդիպել են 4 անգամ:

Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Այսպիսով՝ 4 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթել է մեկում, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի, երկու անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը նրանց օգտին է՝ 5-2:

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում ներկա պահին Հայաստանը 97-րդն է, իսկ Լատվիան՝ 137-րդը: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 17:00-ին, կմեկնարկի Ֆարերներ-Հս. Մակեդոնիա խաղը: Ամսի 10-ին Ալեքսանդր Պետրակովի թիմը Սկոպիեում կհանդիպի Հս. Մակեդոնիային: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter