HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գլխավոր դատախազությունը չի ընդունում, որ հեռանկար չունեցող հայցադիմումներով անհիմն ծանրաբեռնում է վարչական դատարանը

Գլխավոր դատախազությունը 2023թ․-ին համայնքների նախկին ղեկավարների իրականացրած հողի և անշարժ գույքի աճուրդները և աճուրդային առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով 222 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Եվս 28 հայցադիմում ներկայացրել է 2024թ․-ի առաջին կիսամյակում: Հայցեր ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է համայնքների նախկին ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերի քննության արդյունքում։ Սակայն, ինչպես դատարաններն են վերլուծել հայցերը մերժելու իրենց որոշումներում՝ օրենսդրությունը բացառում է տասնամյակներ առաջ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընդունած որոշումներն այսօր անվավեր ճանաչելու հնարավորությունը։

2023թ․-ին վարչական դատարան ներկայացրած հայցերից մեկով Գլխավոր դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի 21.10.2004թ․ թիվ 43 որոշումը և վերացնել դրա հետևանքները։ Այդ որոշումով Քասախ համայնքի 5-րդ կարգի արոտավայրը տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 783 հազար դրամով, վաճառվել է հողի վարձակալին:

Վարչական դատարանը վերադարձրել է հայցադիմումը և ընդարձակ վերլուծությամբ հիմնավորել, որ վիճարկվող որոշումն ընդունելու ժամանակ Դատախազությանը համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն վերապահված չի եղել։ Այդ իրավասությունը օրենքով տրվել է միայն 2023թ․ ապրիլի 6-ին, նաև՝ դատախազի նոր իրավասության կիրառումը նախատեսվել է միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Դատարանը վերլուծել է նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված՝ գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերը: Հիմնավորել է, որ սույն գործի տվյալներով որևէ կերպ չի հաստատվում նշված հիմքերից որևէ մեկի առկայության հանգամանքը, ինչը ևս բացառում է հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը վարչական դատարանի ընդդատության սահմաններից դուրս է։

Վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան։ Վերաքննիչ դատարանը կրկնակի ծավալով հիմնավորել է Դատախազության բողոքը մերժելու օրենսդրական հիմքերը, որոշման մեջ նաև մանրամասն վերլուծել է, թե գործող օրենսդրությամբ՝ որ մարմինը և ինչ ժամկետներում կարող էր լուծում տալ այդ հարցին, ինչը չի արվել։

Ըստ դատարանի՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ դրանք փոփոխելու իրավասությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին։ Այդ մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) է, որը  իրավական հսկողությունն իրականացնում է անմիջականորեն կամ մարզպետների միջոցով։

Նախարարությունը ՏԻՄ-երի ընդունած ոչ իրավաչափ որոշումները վերացնելու կամ դրանք փոփոխելու պահանջով նախ՝ դիմում է տվյալ համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին։ Ընդ որում, պահանջը կարող է ներկայացնել որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումը ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում, ՏԻՄ-ը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը, ապա դիմումատուն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացնում դատարան:

Վերաքննիչ վարչական դատարանը եզրակացրել է, որ սույն գործով հայցադիմում ներկայացրած Դատախազությունը դրա իրավունքը չունի, և հայցադիմումի ընդունումը մերժել է: Վճռաբեկ դատարանը նույնպես մերժել է Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը։

Գլխավոր դատախազությունը 2023թ․-ին ՏԻՄ որոշումներն անվավեր ճանաչելու, իրավունքի պետական գրանցման վկայականները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով 35 հայցադիմում ներկայացրել է Աբովյան համայնքի դեմ, 14 հայցադիմում՝ Չարենցավան համայնքի դեմ, 7-ը՝ Վանաձոր համայնքի, 8-ը՝ Ստեփանավան համայնքի, 13-ը՝ Արտաշատ համայնքի, 7-ը՝ Մասիս համայնքի դեմ և այլն։

Գլխավոր դատախազության առաջին հայցերը Աբովյան համայնքի նախկին ղեկավարների ընդունած՝ հողի և անշարժ գույքի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով էին։ Սկզբում Աբովյան համայնքի ներկայիս ղեկավարին պարտավորեցրին նախկին քաղաքապետերի՝ Կարո Իսրաելյանի, Կարապետ Գուլոյանի և Վահագն Գևորգյանի պաշտոնավարման շրջանում՝ 2004-2020 թվականներին, իրականացված հողի և անշարժ գույքի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել դատարան։ Վարչական դատարանը վերադարձրեց բոլոր հայցերը՝ ասելով, որ Աբովյան համայնքը հայցերը հարուցել է ինքն իր դեմ և այստեղ վեճ չի կարող լինել: Վարչական դատավարության օրենսգիրքը չի թույլատրում նույն անձի կողմից ինքն իր դեմ հայցի հարուցումը։

Աբովյան համայնքի ղեկավարին պարտավորեցրին ներկայացրած 45 հայցերով վարչական դատարանի մերժումները բողոքարկել վերադաս դատարաններ, որոնք նույնպես մերժվեցին։ Այնուհետև, նույն հայցադիմումները Գլխավոր դատախազությունը ներկայացրեց վարչական դատարան՝ համայնքների նախորդ ղեկավարների իրականացրած հողի և անշարժ գույքի աճուրդները և աճուրդային առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատավորները նույն հիմնավորումներով, որով մերժվել է Քասախ համայնքի ղեկավարի՝ հողը վաճառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը, վերադարձրել են նաև այս հայցադիմումները։

Վարչական վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Դատախազության բողոքները և մերժել է հայցերը վարույթ ընդունելու ու քննելու պահանջը։ Վճռաբեկ դատարանը նույնպես չի ընդունել Գլխավոր դատախազության բողոքները: Վճռաբեկ դատարանը որոշումներից մեկում Դատախազության բողոքը չքննելու օրենսդրական հիմնավորումներից բացի, նաև այսպիսի մեկնաբանություն է արել:

«Հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների»,- ասվում է որոշման մեջ։

Գլխավոր դատախազությունը, սակայն, կարևորություն չի տալիս՝ «դատարանն ավելորդ և անհիմն ծանրաբեռնելու մասին» Վճռաբեկ դատարանի զգուշացումներին և շարունակում է հայցադիմումներ ներկայացնել վարչական դատարան։

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել ենք, թե համայնքների նախկին ղեկավարների իրականացրած հողի և անշարժ գույքի աճուրդները և աճուրդային առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացրած հայցադիմումներից քանի՞սն է դատարանն ընդունել վարույթ և քննել ըստ էության։ Դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տաթևիկ Սարուխանյանը հայտնում է, որ դատարան ներկայացված հայցադիմումների մի մասն ընդունվել է վարույթ, իսկ դրանք վարույթ չընդունելու վերաբերյալ միջանկյալ դատական ակտերը բողոքարկվել են, որոշ դեպքերում՝ վերացվել, որի արդյունքում հայցադիմումները համարվել են վարույթ ընդունված։ Ընդ որում՝ բողոքների մի մասը գտնվում է դատարանների վարույթում։

Մեր նախորդ հրապարակման մեջ առանձնացրել  էինք ընդդեմ Աբովյան համայնքի ներկայացրած հայցադիմումներից մի քանիսը, որոնք վարույթ են ընդունվել։ Դրանք ընդունել են վարչական դատարանի դատավորներ Դանիել Դանիելյանը, Անի Հարությունյանը, Կարեն Զարիկյանը և Արմեն Ներսիսյանը։ Ինչպես ներկայացրել ենք՝ այս դատավորների մի մասը խոցելի և թիրախավորված են, և հայցերը վարույթ ընդունելը միայն դրանով էր պայմանավորված, ոչ թե օրենսդրությունն այլ կերպ ընկալելու և կիրառելու հանգամանքով։

Այժմ մի փոքր վիճակագրությամբ ներկայացնենք, թե վարույթ ընդունված հայցերը դատավարական ինչ ընթացք ունեցան։

Դատավոր Դանիել Դանիելյանը մեկ տարի առաջ երեք հայցադիմում է ընդունել վարույթ՝ ՎԴ/4518/05/23, ՎԴ/4455/05/23, ՎԴ/4487/05/23 գործերով և մինչ օրս չի քննել։

Դատավոր Արմեն Ներսիսյանը  վարույթ ընդունած ՎԴ/4551/05/23 հայցով քննութուն է իրականացրել և գործի վարույթը կարճել է։ Որոշման դեմ Գլխավոր դատախազության բերած բողոքը վերաքննիչ վարչական դատարանը մերժել է։ Որոշումը վճռաբեկ դատարան չի բողոքարկվել։ Ա․ Ներսիսյանը ՎԴ/4581/05/23 գործով նույնպես վարույթը կարճելու որոշում է կայացրել: Վերաքննիչ վարչական դատարանը Դատախազության ներկայացրած բողոքն ընդունել է վարույթ և դեռևս չի քննել։

Դատավոր Անի Հարությունյանը ՎԴ/4461/05/23 և ՎԴ/4174/05/23 գործերով վարույթը կարճելու որոշում է ընդունել։ Վերաքննիչ դատարանն այս գործերով դատախազության բողոքների քննությունը նշանակել է 2025թ․–ին։ Դատավորը ՎԴ/4150/05/23 գործով վարույթը կարճել է, այդ որոշման դեմ դատախազության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Դատավոր Կարեն Զարիկյանը ՎԴ/4483/05/23 գործով հայցադիմումը վարույթ է ընդունել 07․06․23թ․-ին։ Այս գործով մեկ նիստ է նշանակվել 16․05․2024թ․-ին, իսկ հաջորդ նիստը չի նշանակվել։

Ահա այսպիսի «հաջողության» պատկեր արձանագրած Դատախազությունը մեր հարցին, թե հայցադիմումները վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանների կայացրած բոլոր մերժման որոշումները վերադաս դատարան բողոքարկելը Դատախազությունն ինչո՞ւ է պարտադիր համարում, հայտնում է․

«Դատարանների` քաղաքացիական կամ վարչական գործով պետական (համայնքային) շահերին վերաբերող դատական ակտերը բողոքարկվում են միայն այն դեպքում, երբ դրանք դատախազի կարծիքով հիմնավորված չեն կամ անօրինական են։ Մի շարք դեպքերում վերը նշված դատական ակտերի բողոքարկման արդյունքում դատախազության բողոքները վերադաս դատական ատյանների կողմից բավարարվել են, որոշումները վերացվել, և հայցադիմումը համարվել է վարույթ ընդունված»։

Դատախազության հայտնած՝ «դատական ակտերը բողոքարկվում են միայն այն դեպքում, երբ դրանք դատախազի կարծիքով հիմնավորված չեն կամ անօրինական են» մտքի վերաբերյալ մեկ անգամ ևս ընդգծենք, որ Գլխավոր դատախազությունն անխտիր բոլոր մերժումներն է բողոքարկել վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։ Բոլոր դատական ակտերում նույն պատճառաբանություններով դրանք մերժվել են վարույթ ընդունել, իսկ ընդունված և քննված գործերով դարձյալ հայցերը նույն պատճառաբանությամբ են մերժվել կամ կարճվել։

Տպավորություն է, որ Դատախազությունն ընթացակարգային աշխատանք է իրականացնում՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելու համար։ Սակայն դրա հետևանքով անմնացորդ սպառում է վարչական դատարանի ռեսուրսը։ Գլխավոր դատախազությանը հարց էինք ուղղել, թե այս գործողություններով, արդյոք, անհիմն չի՞ ծանրաբեռնում վարչական դատարանները և որպես դրա հետևանք՝ չի՞ նպաստում պետական ռեսուրսը վատնելուն։

«Դատախազության կողմից ՀՀ Սահմանադրության և «Դատախազության մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության իրացումը չի կարող դիտարկվել որպես դատարանների ծանրաբեռնում կամ պետական ռեսուրսի վատնում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում դատական ակտերի բողոքարկման արդյունքում Դատախազության բողոքները վերադաս դատական ատյանների կողմից բավարարվում են, որոշումները՝ վերացվում և հայցադիմումները համարվում են վարույթ ընդունված»,- հայտնել է Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Սարուխանյանը։

Փաստորեն, վարույթ ընդունելը ձեռքբերում է համարում Դատախազությունը, իսկ ընդունելուց հետո հայցը մերժե՞լը կամ վարույթը կարճե՞լը։ Դատախազության հայցերը մերժելու որոշումների մեջ դատավորները մանրամասն անդրադարձել են, թե ժամանակին որ կառույցը և ինչպես պետք է կանխեր ապօրինությունները, որպեսզի հարցը չհասներ իրավապահներին, և անօրինական որոշումներով համայնքային գույքի օտարումները կանխելը իրավական առումով չդառնար անլուծելի։

Օրերս հրապարակել էինք, թե այսօր ինչպես են համայնքների ղեկավարներն աճուրդի անվան տակ կադաստրային արժեքով վաճառում հողերը։ ՏԿԵ նախարարության կառուցվածքում Վարչական վերահսկողության վարչություն է գործում։ Այս վարչության գործառույթը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնելն է։

2018թ․-ից երկրի կառավարումը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա ներկայացուցիչ ՏԿԵ նախարարները երբևէ չեն հրապարակել վերահսկողության վարչության մոնիթորինգներն ու հաշվետվությունները։ Երբևէ չեն հրապարակել իրենց գործունեության շրջանում իրականացված աճուրդների հաշվետվությունները և գնահատական չեն տվել դրանց։ Հավանաբար այն պատճառով, որ ՏԿԵ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում հարկադրված չլինի 20 օրվա մեջ, այսօր պաշտոնավարող համայնքների ղեկավարներին ու ավագանուն պարտավորեցնել անվավեր ճանաչել ընդունած որոշումները, իսկ մերժվելու դեպքում՝ դիմել դատարան։

Դատախազությունում եթե անկեղծորեն մտահոգված են հանրային ունեցվածքի վատնումներով՝ համայնքային հողն ու անշարժ գույքը շուկայական արժեքից ցածր գումարով կամ կադաստրային արժեքով օտարումների դեպքերով, ինչո՞ւ չեն կանխում այսօր կատարվող ապօրինությունները։ Դատախազությունը Կառավարության հետ երբևէ քննարկե՞լ է այսօր տեղի ունեցող չարաշահումները կանխելու հնարավորությունը, թե՞ հեռանկար չունեցող հայցադիմումներով դատական կամակարգը կազմալուծելը աշխատանքի ցուցանիշ են համարում։

2023թ․-ին հրապարակված Համաշխարհային բանկի «Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հայացք ապագային» մոնիթորինգի զեկույցի համաձայն՝ 2021թ․-ին վարչական գործերի քննության ժամկետի աճը գրեթե ութապատկվել է։ Վարչական դատարանի աշխատակիցներն այս տարվա հունիսին գործադուլ արեցին՝ ծանրաբեռնված աշխատելու և համարժեք չվճարվելու համար։ Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու պարտավորություն ունեցող ԲԴԽ նախագահը մինչ օրս վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ծրագիր չի ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter