HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների վերապատրաստման կարգում

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով հարցը, կարևոր բարեփոխում է համարել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգը: Ըստ այդմ՝ բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը ուսուցչի վերապատրաստումը դարձնում է ավելի թիրախային և արդյունավետ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Սակայն, ըստ նախարարի, նոր գործընթացի իրականացման արդյունքում պարզվել է, որ համակարգը հավելյալ ճշգրտումների կարիք ունի. «Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի, այս պարագայում շրջափուլը 1 տարի է, և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարի»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ: Ըստ նախարարի՝ սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին:

Կարգավորում է նախատեսվում նաև 1-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների մասնագիտական կարիքը տարրական մակարդակում (գիտելիքի իմացության) գնահատելու ժամկետի և հաճախականության մասով: Հստակեցվել են նաև համատեղությամբ աշխատող ուսուցիչների ատեստավորման դեպքերը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս կարգի փոփոխություններով որոշակի լուծումներ կտրվեն կամավոր ատեստավորման գործընթացում առկա հարցերին, որոնք բարձրացվել են ուսուցիչների կողմից, այդ թվում՝ մարզային այցերի ընթացքում. «Այդ փոփոխություններով նաև ուսուցիչներին նախապատրաստո՞ւմ ենք կամավոր ատեստավորման գործընթացին»:

Ի պատասխան նախարարը նշել է, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով և յուրաքանչյուր ուղղությամբ ուսուցիչները կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ: «Ամենացածր մակարդակը տարրական մակարդակն է, որի պարագայում առարկայական գիտելիքի իմացության խնդիր է գնահատվում: Բոլոր այն դեպքերում, երբ ուսուցիչն ունի առարկայական գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է առարկայական գիտելիքի զարգացման ուղղությամբ վերապատրաստում: Սա նշանակում է, որ մենք, այո՛, աջակցում ենք այդ բոլոր ուսուցիչներին: Նրանք կարող են սեպտեմբերից սկսած մասնակցել վերապատրաստմանը, այնուհետև՝ դրանից հետո կազմակերպվող կամավոր ատեստավորման գործընթացին», – ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու: Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ դա էլ նշանակում է նաև, որ ուսուցիչները ունենալու են տեխնիկական իմաստով կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ արդեն գնահատված 600-ից ավելի ուսուցիչներից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Նշվել է նաև, որ վերապատրաստումներն իրականացնելու են երաշխավորված կազմակերպությունները:

Վարչապետը հետաքրքրվել է նախարարից՝ ինչքանո՞վ ենք պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք. «Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, նոր չափորոշիչ է ներդրվելու, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին, և արդեն 12-ից 7 դասարաններում՝ կաշխատենք նոր չափորոշչով:

Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակի որևէ ձգձգում չենք ունենա: Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, և սեպտեմբերի հենց առաջին օրվանից ամբողջական փաթեթով երեխաները կկարողանան իրենց դասապրոցեսն իրականացնել:

Մնացած բոլոր նախապատրաստական աշխատանքները նույնպես իրականացվել են: Կարծում եմ՝ այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին, որի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվի շահագործման: Մինչև տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն՝ տարեվերջին արդեն կունենանք ավարտված և շահագործման հանձնված 45 դպրոց: Եվս 26-ը գտնվում են շինարարության փուլում և նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում: Նախորդ տարի տարվա ընթացքում մեկնարկել է կառուցման 111 նոր մրցույթ, որոնցից 76-ի մասով արդեն շնորհված են պայմանագրեր, ևս 30-ի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ընթացքում: Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով: Տարվա ընթացքում կսկսեն նաև առնվազն 50 դպրոցների նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում չենք ներառում այն դպրոցները, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել: 21-ում կարող ենք աշխատանքներն ավարտված համարել, մինչև տարեվերջ կավարտենք աշխատանքները նաև 8-ում», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ծրագիրը կառավարելի իրավիճակում է՝ ի հեճուկս բոլոր խնդիրների և բարդությունների: Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է արդեն իսկ շահագործվող դպրոցների շահագործման ընթացքի մասին տեղեկությունների և տպավորությունների հավաքումը: «Ընդ որում՝ ես ցանկանում եմ, որ մենք ունենանք երկու կողմից այդ տեղեկատվությունը հավաքելու մեխանիզմ, որի ամենակարևոր նպատակը հետագա ընթացքն ավելի սահուն դարձնելն է: Նախ՝ Կառավարության ներկայացուցիչները պետք է գնան ու վիզուալ տեսնեն, թե ինչ է կատարվում դպրոցում: Երկրորդը՝ պետք է լսենք ուսուցչական կոլեկտիվներին և աշակերտներին, թե նրանք ինչ տպավորություն ունեն նոր դպրոցների շինարարության հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, իրենց համար են այդ դպրոցները կառուցվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ քննարկվում է առաջիկայում դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ ներդնելու հարցը. «Եվ ժամանակի ընթացքում կհետևենք, որ այդ ստանդարտները նույնպես պահվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter