HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կընդլայնվի սպանդանոցային ցանցը. փոփոխություններ՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում

Սպանդանոցային ցանցն ընդլայնելու, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը բարձրացնելու միջոցով թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու և ագրոպարենային արտադրանքի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գործող ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած պահի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջեցրել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել: «Տնտեսվարողների հետ քննարկումները և շուկայի զարգացումները ցույց են տվել, որ շահառուները բավականին լավ օգտվել են ծրագրից, լավ արդյունքներ ունեն: Նրանք պահանջ են դնում, որ ցանկալի կլիներ այդ շեմը բարձրացնել: Մենք առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի», - ասել է նախարարը:

Կառավարության լրատվականից հայտնում են, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։ Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 % կանխավճարի 80 %-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Սահմանվում են նաև տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և լիզինգի կանխավճարի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում զարգացման ծրագրերն իրենց ընթացքով հաճախ փոխում են Կառավարության մտածողությունն ու ընկալումը: «Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, դրանց հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում՝ ամենատարբեր պատճառներով: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ աշխատել ցանկացող մարդիկ չեն կարողանում օգտվել, որովհետև մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել՝ չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել՝ չեն ուզում: Հետևաբար` մենք կամաց-կամաց, քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եվ մեր մոտեցումը հետևյալն է, եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք, որովհետև իրենք են լոկոմոտիվը, իրենք պետք է մյուսներին հետևներից տանեն»,- ասել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում ագրովերամշակման, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները 45,5 մլրդ դրամի պորտֆել են ձեռք բերել և դրա շնորհիվ 2930 սարքավորում: Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել է՝ 17 մլրդ-ից ավելի պորտֆել և 3677 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1349 տրակտոր և 20 կոմբայն:

Կառավարության ղեկավարը կարևորել է լիզինգի ծրագրի պարտադիր այն պայմանը, ըստ որի տնտեսվարողը պետք է ձեռք բերի բացառապես չօգտագործված տեխնիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter