HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են  պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող  Թուրքմենական դամբարանը:

«Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում  գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (պետ. ցուցիչ՝ 2.4.1, հանրապետական նշանակության) մասնագետները ծանոթացել են միջնադարյան կառույցների մնացորդների ու պատերի ամրակայման և նորոգման աշխատանքներին, անդրադարձել հետագա քայլերին՝ պատի շարվածքների լրացվող քարերի չափ-ձև, շաղախի գույն և որոշակի հատվածներում նախատեսված ծածկերի իրականացում:

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար, պետ. ցուցիչ՝ 2.110.6, հանրապետական նշանակության) եկեղեցի։ Մասնագետները հեղինակային հսկողության, որակի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել են իրականացված աշխատանքների և նախորդ այցի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման  արդյունքներին, տեղում քննարկել տանիքածածկույթի իրականացման հնարավոր տարբերակները։ Արձանագրվել է հուշարձանի տարածքից էլեկտրական սյան հեռացման փաստը։

Այնուհետև Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում (7-րդ դար, պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) քննարկվել է եկեղեցու կոնստրուկտորական մասի նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցը և որոշվել է այն քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում։ Անդրադարձ է կատարվել նաև կրողունակությունը կորցրած քարերի փոխարինման հնարավորությանը։

Այց է իրականացվել նաև Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան. հնձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ։ Մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ շտկումների վերաբերյալ: Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։

Նախարարության աշխատակիցները մշտադիտարկել են նաև Արգավանդ գյուղում գտնվող ՀՀ տարածքում հաշվառված Թուրքմենական դամբարանը (պետ. ցուցիչ՝ 3.18.1, հանրապետական նշանակության)։ Հուշարձանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով՝ սինթեզելով միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերը։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ: Հուշարձանը մասնակի նորոգվել է 2001 և 2015 թվականներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter