HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքներ. երեք անձի, նաև՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել 

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել:

«Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել:

Հիմք ընդունելով անձի անհետացման մասին առկա տվյալները՝ 2024 թվականի օգոստոսի 2-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քաղաքացու անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում:

Անմիջապես ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ անհետ կորած 36-ամյա Ի. Սիմոնյանը սպանվել է:

Վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի և վերջինիս օժանդակած ու հանցագործությունը կազմակերպած անձանց ինքնությունները, ովքեր հանդիսանում են տուժողի 31-ամյա կինը, ով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել, և սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձինք:

Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Ի. Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը:

Փաստվել է, որ հիշյալ անձինք տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու մտահղացումը կյանքի են կոչել՝ այն պլանավորելով և անհետ կորչելու իմիտացիա ստեղծելով:

Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Ի. Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Ի. Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Ի. Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև, օգտվելով վերջինիս քնած լինելու և անօգնական վիճակում գտնվելու, իր ֆիզիկական վիճակով պայմանավորված դիմադրություն ցույց տալուց զրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև նպատակադրված լինելով վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից, 36-ամյա տղամարդու ներկայությամբ, ով երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել  է Ի. Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: 

Համոզվելով, որ Ի. Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ միասին, Ի. Սիմոնյանի դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։ Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:

Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսը տեղափոխել այլ վայր:

Քննությամբ հիմնավորվել է, որ Ի. Սիմոնյանի կինը, տեղեկացված լինելով 2024թ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդի կողմից ամուսնու սպանության և 36-ամյա տղամարդու կողմից սպանությանն օժանդակելու մասին, դեպքից երեք օր անց զանգահարել է վերջինիս և խնդրել ցույց տալ այն վայրը, որտեղ սպանվել է ամուսինը։ Ապա կինը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու, նշված անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգնելու, Ի. Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր ներարկած ներարկիչը գտնելու վերաբերյալ 25-ամյա երիտասարդի խնդրանքը կատարելու և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, 36-ամյա տղամարդու հետ միասին ուղևորվել են դեպքի վայր, որտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել են:

Այնուհետև, որպես վկա հարցաքննվելիս, փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, 31-ամյա կինը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25 և 36-ամյա մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են: 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter