HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ

Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։

Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մանուշ Դալլաքյանը նախորդ տարի 2,2 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։

Արեն Դալլաքյանը անկուսակցական է, նա Ալավերդի համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2022 թվականին, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ցուցակով։

«Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ Ալավերդու համայնքապետարանն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել։ Այս անգամ պայմանագրի գումարը կազմել է 2 մլն 582 հազար դրամ։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդ է անցկացրել։ Գնառաջարկ է ներկայացրել 6 ընկերություն։ Նրանցից երկուսի՝ «Նեքստ» ՍՊԸ-ի և «ԼԱ իմփորթ» ՍՊԸ-ի հրավերները չեն համապատասխանել մրցույթի պահանջներին և գնահատվել են անբավարար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ն, որը ներկայացրել է ամենացածր գնառաջարկը առկա 72 չափաբաժիններից 65-ի համար։

«Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ այս տարի տնտեսական ապրանքների մատակարարման համար պայմանագիր է կնքել նաև Լոռու մարզպետարանը։ Գնումը տեղի է ունեցել հրատապ ՝մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի գումարը կազմել է 760 հազար դրամ։

Արեն Դալլաքյանի մոր ԱՁ-ին 2024-ի հուլիսի 7-ին Լոռու մարզպետարանը հատկացրել է 4 մլն 47 հազար դրամ։ Գումարը տրամադրվել է մայիսի 25-26-ը տեղի ունեցած հեղեղումների պատճառով առաջացած սոցիալական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ընթացում առաջացած ծախսերը փոխհատուցելու համար։ Լոռու մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեջանյանի խոսքով՝ գումարը հատկացվել է Ալավերդու համայնքապետարանի տրամադրած հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։ «Հեղեղումներից հետո անհրաժեշտ են եղել որոշ ապրանքներ։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Ալավերդու համայնքապետարանը մրցույթ չի անցկացրել և ուղղակի գնում է կատարել ԱՁ-ից»,- ասաց Բեջանյանը։

Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Արեն Դալլաքյանին՝ հասկանալու համար արդյոք նա չի տեսնում շահերի բախում այս գործարքներում։ Դալլաքյանը պատասխանեց, որ պայմանագիրը կնքվել է ԱՁ-ի և համայնքի միջև, և ինքը որևէ կապ չունի այդ գործարքների հետ։ 

 

Լուսանկարում ձախից՝ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը և Արեն Դալլաքյանը

Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանություններ (1)

Արեն
Նախ նշեմ, որ ես՝ Արեն Դալլաքյանս, հանդիսանում եմ ոչ թե Տաշիր, այլ Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ։😃 Մինչ Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելը, եղել եմ Նեղոց համայնքի, ապա Ախթալա խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Տարիներ առաջ Ախթալա խոշորացված համայնքը նույնպես համագործակցել է ԱՁ Մանուշ Դալլաքյանի հետ։ Վերջինիս հետ համագործակցել են նաև տարածաշրջանի մի շարք համայնքապետարաններ,հիմնարկ-ձեռնարկություններ և այլն։ Ուզում եմ շեշտել նաև, որ իմ ընտանիքը զբաղվել և մինչ օրս զբաղվում է բարեգործությամբ, որի մասին կուզեի բարձրաձայնեիք նաև Դուք։ Հ. Գ. Հարգելի’ լրագրող, խորհուրդ կտամ այսուհետև որևէ նյութ հրապարակելուց առաջ խմբագրել տեքստը և սխալ տեղեկություններ չտարածել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter