«Հայաստանում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում». Փաշինյան
Օգոստոսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով.
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ժողովուրդ,
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները հիմնված են «Հայրենիքը պետությունն է» և «Իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ըստ այդ հայեցակարգերի` Հայաստանի Հանրապետությունը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է` այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը։ Բարեկեցության և դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է, և աշխատանքը` որպես համընդհանուր անելիք։
Ուրախ եմ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։ Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։ Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։
Այնուամենայնիվ, պիտի ընդգծեմ, որ միևնույն ջանքի գործադրմամբ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության ուսուցման որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես Կառավարության ուշադրության կենտրոնում է։
Այս ամենն ամբողջանում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությամբ և խաղաղության օրակարգով, որին Հայաստանի Հանրապետության Կառավարության հավատարմությունն անսասան է։
Այս օրակարգերի հնարավորինս արդյունավետ սպասարկումն է լինելու Կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են»:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Մեկնաբանել