HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը՝ բնապահպանության նախարարին

Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դեռևս ս. թ. հունիսի 27-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն գրավոր դիմել էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Ի պատասխան` բնապահպանության նախարարությունից ս. թ. հուլիսի 11-ի ստացվել է գրություն, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Սակայն, ի զարմանս մեզ, այսօր՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրվել է հասարակական լսումների մասին տեղեկատվություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ս.թ հուլիսի 24-ին ժամը 12.00-ին «Մեգաէներջի» ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-01-10-00, Ենոքավանի  գյուղապետարանում»:

Հետաքրքիր է ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը ինչպես է պատկերացնում շահագրգիռ հանրության կողմից մեկ ժամվա ընթացքում հիշյալ փաստաթղթերին ծանոթանալու, կարծիք կազմելու, իր դիտողություններով ու առաջարկություններով Ենոքավան համայնք հասնելու (ի դեպ, Ենոքավանը գտնվում է Երևանից մոտ 140 կմ հեռավորության վրա) և, այսպես կոչված, հասարակական լսումներին մասնակցելու գործընթացը: Բացի այդ ոչ մի նախագծային փաստաթուղթ չկա տեղադրված նախարարության կայքում:

Չապահովելով սույն նախագծի հանրային քննարկումը` շահագրգիռ հանրության մասնակցությամբ, թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նախարարությունն ու նախաձեռնող ընկերությունը վարում են ոչ թափանցիկ քաղաքականություն: Այս ամենը վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի դրսևորման, անփույթ և ոչ թափանցիկ, գաղտնի աշխատելաոճի մասին:

Ինչպես ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում` «Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին»: Քանի որ մեր նախաձեռնությունը նախապես պաշտոնական նամակով արտահայտել էր իր շահագրգռվածությունը այս հարցի վերաբերյալ, առավել ևս զարմանալի է, որ մեզ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել:

Մենք գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կովենցիայով սահմանված հանրային իրազեկման և մասնակցության ապահովման պահանջները: Այսպիսի գործելակերպը չի կարող նպաստել հանրության մասնակցության ապահովմանը, այլ ընդահակառակը սահմանափակում է այն:

Դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ` հաշվի առնի շահագրգիռ հանրության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց և համապատասխան մասնագետների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե գաղտնի և արագացված կարգով և տնային ոճով:

Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի և/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության վրա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնող ընկերությունը սպասում էր, որպեսզի որևէ մեկը դիմեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին արագացված կարգով իր փաստաթղթերը ներկայացներ` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այնուհետև, կրկին նախարարության հետ միասին կազմակերպեր գաղտնի և արագացված լսումներ: Եթե սրան էլ լրացնենք նաև այն փաստը, որ մեր նախաձեռնությունը մոտ մեկ ամիս առաջ արդեն տեղեկացված էր, որ վերը նշված տարածքում  սկսվել են շինարարական աշխատանքներ` առանց համապատասխան փորձագիտական եզրակացության, ապա պատկերը լրիվ պարզ է դառնում:

Մեր նախաձեռնությունը համարում է, որ այս լսումները չեն կարող օրինական համարվել, որովհետև իրականացվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի կոնվեցիայի պահանջների խախտումներով, հետևաբար պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակի նոր հանրային լսումներ` ապահովելով վերը նշված նախագծի մասին շահագրգիռ հանրության իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման ողջամիտ գործընթաց:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter