HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը խաղաղության համաձայնագրից դուրս է թողել մի քանի կարևոր կետ. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրից դուրս է թողել մի քանի կարևոր կետ, իսկ Ադրբեջանը կներկայացնի իր պատասխան առաջարկները։

APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկները հայկական կողմին ներկայացրել է հունիսի 24-ին։ 

«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից ժամեր առաջ, Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր տարբերակը։ Իրենց ներկայացրած տեքստի նախագծից մի քանի կարևոր կետեր հանվել են։ Համաձայնագրի նախագծում չեն ներառվել կարևոր կետեր, և մեզ ասացին, որ դա հարցի լուծում է։ Նախկին պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր նշանակություն ունեն։ Մեր խորհուրդը հայկական կողմին կլինի այն, որ վերջինս ավելի լուրջ մոտենա այդ հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը։

Բայրամովն ասել է, որ իր սերբ գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Ես տեղեկացրել եմ խաղաղության համաձայնագրում առկա առաջընթացի և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին»,- հավելել է նա։

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ չկան հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ «Կան լրացուցիչ չափանիշներ, որոնք կարող են թույլ տալ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Ընտրությունը Հայաստանինն է»,- նշել է նա։

Բայրամովը դարձյալ առաջ է քաշել այն թեզը, թե Հայաստանը պետք է «դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ «Տեղին չեն նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների համեմատության փորձերը։ Այս խնդրի առկայության մասին հայկական կողմին հայտնել ենք երկու տարի առաջ։ Ադրբեջանը դա բանակցությունների պայման չէր դնում, բայց ցանկանում էր հարցի լուծում։ Նրանք էլ փորձեցին շրջանցել այդ հարցը։ Այն ժամանակ նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել Ադրբեջանի սահմանադրության նկատմամբ»,- եզրափակել է Բայրամովը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter