Ինչպես ձևավորվեցին սահմանազատման հանձնաժողովները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել և ստորագրել են համատեղ աշխատանքի կանոնակարգը։
Փաստաթղթի բովանդակությունը հրապարակային դարձավ այսօր՝ սեպտեմբերի 2-ին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգում։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներ ձևավորելու պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում, Սոչիում։ Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում ասվում էր.
«Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։ Այս հայտարարության ընդունումից հետո տևական ժամանակ հանձնաժողովների ձևավորման մեկնարկը չէր տրվում։
2022-ի ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել էր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կառուցվածքը։ Օրեր անց՝ ապրիլի 27-ին, հանձնաժողովների ձևավորման գործընթացում դրական տեղաշարժի մասին խոսեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ասելով, որ նպաստավոր պայմաններ կան հանձնաժողովների ստեղծման համար։
Այս հայտարարություններից ավելի քան մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսի 22-ին, Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները։
Երկու օր անց՝ մայիսի 24-ին, հանձնաժողովների ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին։ Հանդիպումը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին։
Հանձնաժողովները 2023 և 2024 թվականների ընթացքում հանդիպեցին ևս յոթ անգամ, սակայն շոշափելի արդյունք տվեց միայն վերջին՝ 8-րդ հանդիպումը։
2024 թվականի ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ստորագրեցին 6 կետից բաղկացած արձանագրություն։ Այս արձանագրության հիման վրա տեղի ունեցավ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածում։ Տեղի ունեցողը հանրության մի մասի դժգոհության պատճառ դարձավ, որը հետագայում վերածվեց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման»։ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը և ընդդիմադիր մի շարք գործիչներ ու փորձագետներ տեղի ունեցողը որակեցին միակողմանի զիջում։ Նրանք պնդում էին, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում չորս գյուղ՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Եվ մինչ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բողոքի ակցիաներ էր իրականացնում Երևանում, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատվեց պետական սահմանի 12 կիլոմետր երկարությամբ հատվածը։
Ապրիլի 19-ին ստորագրված արձանագրության չորրոդ կետում ասվում էր, որ մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պիտի ավարտին հասցնեն համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկեն դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։ Սակայն ժամկետները խախտվեցին և Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղերի հատվածում սահմանազատումը տեղի ունեցավ առանց համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման և վավերացման։
Նախանշված ժամկետի խախտման մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարություն տարծեց հուլիսի 1-ին, որում ասվում էր. «2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»։
Կանոնակարգերի համաձայնեցման գործընթացն ավարտին հասավ միայն օգոստոսի 30-ին։ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանն ու Բաքուն ավարտել են ապրիլի 19-ին ստորագրված համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։
«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Օգոստոսի 31-ին՝ իր հերթական ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանձնաժողովների կանոնակարգերի համաձայնեցման ժամկետի խախտմանը։ «Երկար տևեց, քանի որ ավելի շատ ժամանակ պահանջվեց աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Մեր լավագույն ցանկությունն էր դա անել մինչև հուլիսի 1-ը։ Մինչև հուլիսի 1-ը չստացվեց հասնել համաձայնության, ստացվեց հասնել համաձայնության մինչև սեպտեմբերի 1-ը»,- ասաց Ն․ Փաշինյանը։
Մեկնաբանել