HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առուշ Առուշանյանին ազատազրկելու միջնորդության քննությունը հետաձգվել է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայության պահանջը քննելու համար այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հրավիրվել էր դատական նիստ, որը հետաձգվել է, և հաջորդ նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 10-ը։

Քննվող միջնորդությունը վերաբերում էր տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելուն, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելուն և պատիժը կրելու ուղարկելուն։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայությանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն էր ուղարկել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ կատարումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ ավագանուց պահանջել էր, որ Առուշանյանը պետք է պաշտոնանկ արվի։ Սակայն Գորիսի ավագանին չէր բավարարել Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը։

Դատավճռով Առուշ Առուշանյանը դատապարտվել է Քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով։ Հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 6 ամիս, 18 օր ժամկետով։ Որոշվել է նաև Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանել: Փորձաշրջանը նա պետք է անցնի Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայության հսկողությամբ։

Ըստ դատավճռի՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելով` Ա․ Առուշանյանն իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իր ընտանիքին պատկանող խանութների ցանցում հաշվարկված պակասորդը վերադարձնելու նպատակով ծեծել է աշխատակցին՝ պահանջելով փոխհատուցել պատճառված վնասը։ Նրա առողջությանը պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

2021թ․-ի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նախապատրաստել է երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter