Տաշիրի համայնքապետի տեղակալի կնոջ ԱՁ-ի հետ համայնքապետարանը կնքել է 5,9 մլն դրամի պայմանագրեր
2024 թվականի հուլիսի 25-ին Տաշիրի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Անետա Շահբազյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր գծանշել Տաշիր քաղաքի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում։ Պայմանագրի ընդհանուր գինը 2 մլն 945 հազար դրամ էր։
Անետա Շահբազյանը Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանի կինն է։ Բացի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, Անետա Շահբազյանն աշխատում է «Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես գնումների համակարգող։ Շահբազյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի ընթացքում նա ունեցել է 1 մլն 948 հազար դրամի եկամուտ, որի գերակշիռ մասը` 1,5 մլն դրամը, ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից։
«Անետա Շահբազյան» ԱՁ-ի հետ Տաշիրի համայնքապետարանը ևս մեկ պայմանագիր է կնքել 2023 թվականին, այս անգամ 2 մլն 960 հազար դրամ արժեքով։ Ուսումնասիրելով այս և նախորդ պայմանագրերը՝ պարզ է դառնում, որ դրանք համայնքապետարանը 2023 և 2024 թվականներին Տաշիր համայնքի և Լեռնահովիտ բնակավայրի նույն փողոցների գծանշման համար է կնքել։
Երկու պայմանագրերում էլ նշված էր, որ պետք է գծանշման աշխատանքներ իրականացվեն Տաշիր քաղաքի հրապարակում, Վ. Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Գ. Ջուլհակյան, Էրեբունի, Աբովյան, Խանջյան և Դպրոցականների փողոցներում, Լեռնահովիտ բնակավայրի կենտրոնական փողոցում և հրապարակում։ 2023-ին կնքված պայմանագրում նշված է, որ նշագծվող տարածքի մակերեսը 3500 քմ է, իսկ հաջորդ տարի կնքված պայմանագրում դարձել է 2450 քմ։
Նորայր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործարքներում որևէ խնդիր չի տեսնում։ «Տեղի է ունեցել մրցույթ, կինս մասնակցել է ու հաղթել։ Իրավունք չունի՞ իմ կինը գնումների մրցույթին մասնակցել»,- ասաց Բաղդասարյանը։ Նա նաև հավելեց, որ ինքը՝ որպես համայնաքապետի տեղակալ, որևէ ազդեցություն չի ունեցել մրցույթի անցկացման վրա։
Լուսանկարները՝ Սեդա Գրիգորյանի
Մեկնաբանել