Վճռաբեկ դատարանի ապրիլյան որոշումը սահմանափակում է լրագրողների գործունեությունը
««Հետքի» սրահ»-ը հյուրընկալել է «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավական խնդիրներ լուսաբանող լրագրող Վահագն Հովակիմյանին եւ փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանին: «Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայադյանը զրուցում է նրանց հետ Վճռաբեկ դատարանի 2012թ. ապրիլի 27-ի որոշման շուրջ, որը կայացվել է «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ»» օրաթերթի բողոքի հիման վրա:
Ինչպե՞ս են այսուհետ լրագրողներն աշխատելու գաղտնի աղբյուրների հետ. Վճռաբեկ դատարանի ապրիլյան որոշումը սահմանափակումներ է մտցնում:
Լիանա Սայադյան - ««Հետքի» սրահում» այսօր հյուրընկալել ենք «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավական խնդիրներ լուսաբանող լրագրող Վահագն Հովակիմյանին եւ փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանին: Մեր զրույցի թեման Վճռաբեկ դատարանի այս տարվա ապրիլի 27-ին կայացրած որոշումն է` Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի՝ զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին գործով պատասխանողի բերած վճռաբեկ բողոքի հիման վրա: Ըստ հնչած մասնագիտական կարծիքների` Վճռաբեկ դատարանի այս որոշումը որոշակիորեն սահմանափակում է լրագրողների գործունեությունը, քանի որ սպառիչ կերպով սահմանում է, թե ով կարող է տեղեկատվության պատշաճ աղբյուր հանդիսանալ: Ինպե՞ս եք դուք գնահատում այս որոշումը:
Լուսինե Հակոբյան - Երբ համեմատում ես Սահմանադրական դատարանի նոյեմբերին կայացրած որոշումը եւ Վճռաբեկ դատարանի այս որոշումը, կարելի է ասել, որ այս որոշումը շատ ավելի կատարյալ դատական ակտ է, քան Սահմանադրական դատարանինը ե՛ւ կառուցվածքային առումով, ե՛ւ ավելի մեծ թվով հասկացություններ սահմանելու, ե´ւ դրանց իրավական բովանդակությունը բացահայտելու տեսանկյունից: Օրինակ` այս որոշմամբ առաջին անգամ Վճռաբեկ դատարանը սահմանել է այն երեք պայմանները, որոնց առկայության դեպքում խոսքի ազատության սահմանափակումները կարելի է համարել իրավաչափ, նրանք պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ, անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Այնուհետեւ, ի տարբերություն Սահմանադրական դատարանի որոշման՝ ավելի սպառիչ սահմանված են մի շարք այլ հասկացություններ: Օրինակ` ինչ ասել է հրապարակային արտահայտություն, ինչն է ոչ նյութական վնաս եւ գույքային վնաս,
եւ մի շարք կարեւոր բաներ շատ ավելի հանգամանալից եւ հստակ են ձեւակերպված: Սակայն, այս որոշումը նույնպես զերծ չէ թերություններից` նաեւ հասկացությունների իմաստով. Եվրոպական դատարանի որոշումների որոշակի սխալ ընկալումներ տեղ են գտել նաեւ այս որոշման մեջ: Երբ Եվրոպական դատարանը սահմանում է, թե ինչ ասել է անհրաժեշտը ժողովրդավարական հասարակությունում, չափանիշ կա, որի համաձայն՝ այդ սահմանափակումը պիտի բխի ճնշող հասարակական կարիքից, սակայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ կարիքը դարձել է կարծիք, եւ կան մի շարք հասկացություններ, որոնք թերի են մեկնաբանված: Նույն «գործարար համբավ» հասկացությունը ավելի հասկացվում է գործարարության կոնտեքստում, մինչդեռ Եվրոպական դատարանի նախադեպերում դա մասնագիտական հեղինակությունն է եւ ավելի լայն է դիտարկվում: Ինչ վերաբերում է տեղեկատվության աղբյուրներին, սա այս որոշման թերի կողմերից մեկն է, որ տեղեկատվության աղբյուրների սպառիչ թվարկում է սահմանում, մինչդեռ թե՛ միջազգային իրավունքում, թե՛ Եվրոպական դատարանի նախադեպերում նման հասկացություն ընդհանրապես բացահայտված չէ, ինչ մնում է տեղեկատվության աղբյուր, այլ ընդամենը պարտավորություն է սահմանված լրատվամիջոցի եւ խոսքի ազատությունը իրականացնող անձի համար գործել բարեխղճորեն եւ հիմնվել արժանահավատ տեղեկատվության վրա: Տեղեկատվության արժանահավատությունը գնահատելիս լրատվամիջոցը կամ լրագրողն ունի հայեցողության որոշակի սահման, նույն կերպ եւ դատարանն է գնահատում՝ արդյոք լրատվամիջոցը ներկայացրե՞լ է արժանահավատ տեղեկատվություն, եւ օգտվում է իր գնահատման հայեցողությունից: Հետեւաբար, տեղեկատվության աղբյուրների նման սպառիչ թվարկումը չի համապատասխանում միջազգային փորձին:
Լիանա Սայադյան - Վահագն, Ձեր գործունեությունը ինչպե՞ս կսահմանափակվի, ի՞նչ իմաստով:
Վահագն Հովակիմյան - Ճիշտն ասած, մեր գործունեությունը ամեն դեպքում չի սահմափակվի, որովհետեւ, ուզում է էսպիսի հարյուր որոշում կայացնեն, մենք մեր մասնագիտական գործը անելու ենք, մեր ընթերցողին տեղեկատվություն ենք հասցնելու: Վճռաբեկ դատարանի այս որոշման մեջ տեղեկատվության աղբյուրի մեկնաբանությունը մեծ վտանգ է պարունակում, այդ վտանգը հասկանալի է միայն լրագրողներին, որովհետեւ լրագրողներն են աշխատում փակ աղբյուրների հետ: Այս որոշման մեջ փորձ է արվում «փակ աղբյուր» հասկացությունը ոչնչացնել, իսկ դա լրագրողի համար ամենակարեւոր գործիքներից մեկն է: Իզուր չէ, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում հատուկ նախատեսված է գաղտնի աղբյուրի պաշտպանությունը, բայց, փաստորեն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ այնպիսի իրավական լուծում է տվել, որ այլեւս լրագրողի եւ փակ աղբյուրի պայմանավորվածության, պատշաճ համաձայնության, որ եթե դատական պրոցես սկսի, նա վկայություն կտա, կարիքը չլինի: Եթե լրատվամիջոցը տպում է, աղբյուրների վրա հղում անելն իզուր է, միեւնույն է՝ դու պատասխանատու ես: Դեպքեր կարող են լինել, որ աղբյուրը ապացույցների կրող լինի, եւ եթե դու աղբյուրին հաշվի չառնես, դատարանում հայտարարես, որ չի հետաքրքրում, թե ով է աղբյուրը, եւ նրան որպես իրավական կողմ չդիտարկես, կզրկվես նաեւ ապացույցներից: Ով այս որոշումը գրել է, շատ լավ հասկանալով է գրել: Այստեղ թերացում չէ, ինչպես Լուսինեն է ասում: Այս որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով վերջին երկու տարվա իրողությունները, երբ Քաղաքացիական օրենսգրքում հատուկ փոփոխություն արեցին՝ լրագրողներին պատժելու: Ապաքրեականացումը, որ իրականում լրագրողներին պատժելու մեխանիզմ է մտածված, երբ սկսեց գործել, լրագրողները հասկացան, թե ինչի հետ գործ ունեն: Կա հստակ պետական մեքենա, որ զբաղված է լրագրողներին ճնշելով, ֆինանսական խնդիրներ առաջացնելով՝ լրագրողներին կաշկանդելու, գրաքննության մղելու նպատակով: Այս նոր պայմաններում արդեն լրագրողների մեծամասնությունը փորձեց իր աշխատանքը համապատասխանեցնել իրավիճակին, իսկ դա ենթադրում է բոլոր փակ աղբյուրների հետ զրուցել ձայնագրիչով: Կոնկրետ ինձ հետ պատահել է նման դեպք, երբ փակ աղբյուրի հետ զրուցել եմ ձայնագրիչով, պայմանը եղել է այն, որ ձայնագրությունն ու իր անձը կհրապարակվեն միայն այն դեպքում, երբ դատական խնդիր առաջանա: Առանց դատական վեճի՝ աղբյուրը մնում է փակ: Փաստորեն, այդ վիճակը փորձում են չեզոքացնել, որպեսզի որեւէ լրագրող, առանց որեւէ անձի հղում կատարելու, իրավունք չունենա տեղեկատվություն հրապարակել:
Լիանա Սայադյան - Այս որոշումը կխթանի ինքնագրաքննությու՞նը, թե՞ կզարգացնի ինքնակարգավորումը, եւ լրագրողները կսկսեն միայն վստահելի, բացահայտվող աղբյուրների հետ աշխատել:
Վահագն Հովակիմյան - Այն կարծիքին եմ, որ այս որոշումը, մյուս որոշումների պես, ընդամենը ազատ աշխատել ցանկացող լրագրողներին ստիպելու է ադապտացվել: Փորձել օրենքից, հերթական ճնշումից պաշտպանվելու ինչ-որ գործիքներ գտնել եւ աշխատել այդ պայմաններում: Միեւնույնն է՝ ով չի ուզում գրաքննվել, աշխատելու ձեւը կգտնի:
Լիանա Սայադյան - Այս որոշումը մեկ այլ հարց էլ է կարգավորում: Խոսքն այն մասին է, թե ով է կրելու պատասխանատվությունը, երբ լրատվամիջոցները հրապարակել են իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության հայտարարություն կամ հաղորդագորություն: Ենթադրենք, էլեկտրոնային հաղորդագրություն եք ստացել ինչ-որ քաղաքացիական նախաձեռնությունից (այսօր այդպիսիք շատ են), եւ այս պարագայում պատասխանատվությունը դարձյալ կրելու է լրատվամիջոցը: Ինչպե՞ս Ձեր թերթը կամ Դուք կվարվեք այսուհետ, եթե ստանաք այդպիսի մի նախաձեռնության հաղորդագրություն, որը բացահայտում է կոռուպցիա կամ այլ չարաշահում:
Վահագն Հովակիմյան - Ի վերջո, չարաշահումը վերաբերում է ինչ-որ կոնկրետ անձի, կա սուբյեկտ: Կփորձենք, մեկ օր հետ ընկնելով մեր օպերատիվության հաշվին, ապահովել սուբյեկտիվ մեկնաբանություն: Լրատվամիջոցի օպերատիվությունն է այստեղ կորում, կարող էիր հրապարակել հաղորդագրությունը, հետո նոր այն անձի մեկնաբանությունը, ում վերաբերում էր: Այս դեպքում այս ճանապարհով պիտի գնանք:
Լիանա Սայադյան - Լուսինե, հնարավո՞ր է արդյոք այս որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարան այն հիմքով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը կամ մամուլի դերը ժողովրդավարական հասարակությունում, կամ այն հիմքով, որ Վճռաբեկ դատարանը սխալ է մեկնաբանել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որտեղ ֆիզիկական կամ մասնավոր անձանց տարածած հայտարարությունների համար, եթե դրանք բարեխղճորեն են վերարտադրվել, լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից:
Լուսինե Հակոբյան - Այո, իհարկե, իրավական ճանապարհ կա, եւ կարելի է այս որոշումը բողոքարկել Սահմանադարական դատարան եւ դարձյալ ստուգել, թե այդ մեկնաբանությունը որքանով է հակասահմանադրական: Սակայն կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերին ուներ հնարավորություն՝ տալու մի շարք հասկացությունների, այդ թվում եւ տեղեկատվության աղբյուր հասկացության սահմանումը, սահմանադրաիրավական հասկացությունը, եւ չարեց: Այդ որոշման հետ կապված՝ ես նույնպես տեսել եմ, որ ընկալումների խնդիր կա, եւ Սահմանադրական դատարանը որոշ հասկացություններ եւ Եվրոպական դատարանի նախադեպերն էլ լիարժեքորեն չէր պատկերացնում: Եթե իրավիճակը փոխվել է, կարող է եւ որոշումը փոխվի:
Լիանա Սայադյան - Այսինքն, նման հիմքեր տեսնում եք:
Լուսինե Հակոբյան - Այո:
Լիանա Սայադյան - Շնորհակալություն զրույցի համար: Տեսնենք, թե ինչպես կզարգանա դատական պրակտիկան, ինչ խնդիրների կբախվեն լրագրողները, և արդյոք կդիմանա Վճռաբեկ դատարանի այս որոշումը ժամանակի եւ պրակտիկայի քննությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել