HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պոլտավայի հրթիռակոծության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի Պոլտավա քաղաքը։ Նախնական տվյալներով՝ կան 47 զոհ և 206 վիրավոր։

«Суспiльне»-ի տվյալներով՝ երկու պայթյուն տեղի է ունեցել առավոտյան՝ մոտ 09:10-ին։ Դրանից երկու րոպե առաջ քաղաքում հայտարարվել էր օդային տագնապ։

Ինչպես հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ռուսական զինուժը հարվածել է քաղաքին՝ կիրառելով երկու բալիստիկ հրթիռ։ Հարձակման հետևանքով բալիստիկ հրթիռներից մեկը հարվածել է ուսումնական հաստատությանը և մոտակայքում գտնվող հիվանդանոցին։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ մասամբ քանդվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը։ Մարդիկ հայտնվել են փլատակների տակ։

Այս հարձակումը դարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ամենախոշոր հարվածներից մեկը։

Զելենսկին հայտնել է, որ հանձնարարել է «ամբողջական և օպերատիվ» հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների վերաբերյալ: «Ռուսական սրիկան անպայման պատասխան կտա այդ հարվածի համար։ Եվ մենք կրկին ու կրկին ասում ենք աշխարհում բոլոր նրանց, ովքեր ուժ ունեն դադարեցնելու այս ահաբեկչությունը. հակաօդային պաշտպանության համակարգերն ու դրանց հրթիռներն անհրաժեշտ են Ուկրաինայում, այլ ոչ թե ինչ-որ տեղ պահեստում։ Հեռահար հարվածները, որոնք կարող են պաշտպանել ռուսական ահաբեկչությունից, անհրաժեշտ են հիմա, այլ ոչ թե ինչ-որ ժամանակ հետո։ Հետաձգման յուրաքանչյուր օրը, ցավոք, մարդկային կորուստ է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։

Պոլտավայում հարվածի տակ է հայտնվել Հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման ռազմական ինստիտուտը։ BBC-ի ուկրաինական ծառայությունը հայտնում է, որ ինստիտուտի տարածքում գտնվում էր Կապի զորքերի 179-րդ ուսումնական կենտրոնը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պոլտավայում մասամբ ավերվել է ինստիտուտի շենքերից մեկը։ «Պոլտավան սարսափելի օր է ապրում։ Ռուս ագրեսորը բարբարոսական հարված է հասցրել քաղաքի ուսումնական հաստատություններից մեկին»,- հայտարարել է ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ բազմաթիվ մարդիկ հայտնվել են փլատակների տակ։ «Փրկարարների և բժիշկների համակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը հանվել են փլատակների տակից։ Այժմ փրկարարները շարունակում են աշխատանքը»,- հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ տագնապի ազդանշանի և հարվածի միջև այնքան քիչ ժամանակ է եղել, որ հարվածի ժամանակ շատերը եղել են փողոցում՝ դեպի ռմբապաստարան տանող ճանապարհին: Թե կոնկրետ քանի մարդ է զոհվել, Ուկրաինայի ՊՆ-ն չի հայտնել։

Քաղաքում հայտարարվել է եռօրյա սուգ, որը կմեկնարկի վաղը։

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Լուսանկարը՝ EPA/BGNES 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter