
Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում
Ղրղզստանում այսօր մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները։ Այդ մասին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:
«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունը, հետախուզության ուժերի և միջոցների հետ «Որոնում-2024» հատուկ զորավարժությունը, ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների հետ «Էշելոն-2024» զորավարժությունն անցկացվում է <...> սեպտեմբերի 3-15-ը Ղրղզստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետություններից միայն Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի զինված ուժերի անձնակազմերը և կազմակերպության քարտուղարության ու միացյալ շտաբի օպերատիվ խմբերը: Սպասվում է նաև միավորման անդամ երկրների ՆԳՆ ստորաբաժանումների, ազգային գվարդիաների, արտակարգ իրավիճակների նախարարությունների և հատուկ ծառայությունների մասնակցությունը:
Հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ այս զորավարժություններին Երևանը չի մասնակցի: Հայաստանն ավելի վաղ սառեցրել էր իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Ուզբեկստանի, ՄԱԿ-ի և ՇՀԿ քարտուղարությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները: Փաշինյանը հավելել էր, որ դրանից հետո Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո մեր երկիրը դեռևս չի նշանակել իր մշտական ներկայացուցչին այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել