HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:

Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Այսօր Զվարթնոց օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն, ավիաընկերության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Նախարար Սանոսյանը չվերթը պատմական է որակել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Երևանի միջև օդային կապ կա: «Այս ուղղությամբ կարծում ենք մեծ պահանջարկ կա և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ, ովքեր Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ մտադրություն ունեն թռիչքներ կատարելու: Չվերթերը վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Սանոսյանը նշել է, որ նպատակ կա դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ նոր ուղիղ չվերթեր ունենալ և ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: «Սա հետևողական քաղաքականության արդյունք է։ Մենք ավիացիոն ոլորտում միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթեր դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ»,-ընդգծել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter