«Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը»
«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական ՀԿ-ի և «Թեղուտ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող համայնքների գյուղապետարանները և ֆինանսական օժանդակություն՝ «Մանես» բարեգործական հիմնադրամը: Միջոցառման անմիջական նպատակը Շնող գետի գետափնյա և մերձակա տարածքների մաքրումը, մերձակա հուշաղբյուրների և հանգստի ու ժամանցի վայրերի մաքրումն ու բարեկարգումն է, հեռահար նպատակը՝ այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանն առարկայորեն նպաստելը: Միջոցառմանը մասնակցեցին ինչպես «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ անդամներ և համակիրներ, այնպես էլ՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատողներ, Շնողի դպրոցի աշակերտներ և մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և միջոցառման հաջողությամբ շահագրգիռ այլ անձինք:
Միջոցառման մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվեցին Շնող գետի գետափնյա տարբեր հատվածներում: Միջոցառման ավարտին արդյունքների նախնական ամփոփման նպատակով մասնակիցները հավաքվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի տարածքում, որտեղ «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Մանես» բարեգործական հիմնադրամի ու «Թեղուտ» ՓԲԸ աջակցությամբ այժմ իրականացվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
«Թեղուտ» ՓԲ ընկերության և «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի ներկայացուցիչը միջոցառման նախօրեին կապվել է Թեղուտի մերձակայքում իրականացվող Էկոկրթական վրանային ճամբարի կազմակերպիչներից մեկի՝ Հրայր Սավզյանի հետ, ողջունել էկոկրթական ճամբարի նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնել ճամբարի մասնակիցներին տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի և դրա շրջանակներում նախատեսվող բնապահպանական միջոցառումների վերաբերյալ համալիր տեղեկատվություն և առաջարկել մասնակցել «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառմանը: Քննարկելով առաջարկը ճամբարի այլ կազմակերպիչների հետ՝ Հրայր Սավզյանը մերժել է այն:
Արձանագրելով միջոցառման բարեհաջող և արդյունավետ ելքը՝ մասնակիցներն ու կազմակերպիչները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին այդպիսի միջոցառումներ իրականացնել պարբերաբար՝ անընդհատ բարձրացնելով տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ու համայնքներում ձևավորելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:
«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել