Եվրամիությունը հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի փաստացի դադարեցման մասին
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը փաստացի դադարեցված է։ Այդ մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որը տարածել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի դադարեցված է, և կոչ է անում իշխանություններին վերադառնալ ինտեգրման ուղի»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ ԵՄ-ն դատապարտել է Վրաստանի խորհրդարանի կողմից, այսպես կոչված, ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։
Եվրոպական կողմը հայտարարել է, որ ցավում է, որ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհի համար կարևոր հետևանքներ ունեցող այս օրենսդրությունն ընդունվել է «առանց պատշաճ հանրային քննարկման և եվրոպական ու միջազգային չափանիշներին դրա համապատասխանության մանրակրկիտ վերլուծության»:
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է արել վրացական իշխանություններին ամբողջությամբ վերանայել օրենսդրական փաթեթը՝ հավելելով, որ դրա ընդունումն էլ ավելի կբարդացնի ԵՄ-Վրաստան հարաբերությունները։
Օգոստոսի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները չեն հեռացնելու կամ ուղղումներ մտցնելու երկրի Սահմանադրության այն հոդվածում, որտեղ ամրագրված է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը: Մինչ այդ՝ հուլիսին, Կոբախիձեն հնարավոր էր համարել, որ Եվրամիությունը կարող է Վրաստանի հետ արդեն այս տարվա ընթացքում բանակցություններ սկսել ԵՄ անդամակցության շուրջ: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ դրա հավանականությունը մեծ չէ, քանի դեռ Ուկրաինայում շարունակվում են մարտական գործողությունները։
Ավելի վաղ՝ մայիսին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ-ին ինտեգրման գործընթացի վրա:
Լուսանկարը՝ Kenzo TRIBOUILLARD / AFP
Մեկնաբանել