HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին «փաստացի չի հանդիսանում Վրաստանի նախագահ այն բանից հետո, երբ խախտել է Սահմանադրությունը»: 

«Նա նախագահ չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմացումը, երբ հայցով դիմել էր այդ կառույցին։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա Սահմանադրությունը խախտած նախագահ է։  Միակ բանը, որի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, «Ազգային շարժմանն» (ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությանը) աջակցելն է»,- լրագրողների հետ կայացած ճեպազրույցում նշել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեի խոսքով՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմպիչմենտի օգտին, նա դարձավ «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ «Ազգային շարժման» նախագահն ու նրա խամաճիկը»։

Վրաստանի նախագահի և կառավարության միջև առճակատումը սկսվել է դեռ անցած տարի։ 2023 թվականին Զուրաբիշվիլին արտասահմանյան մի քանի այցեր էր կատարել առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Վրացական սահմանադրությունը երկրի նախագահին թույլ է տալիս արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն վարչապետի համաձայնությամբ:

Ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի իմպիչմենտի հարցով դիմեց Սահմանադրական դատարան: ՍԴ-ն հաստատեց, որ Զուրաբիշվիլին խախտել է վրացական սահմանադրությունը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում բավարար ձայներ չուներ նրանց իմպիչմենտի ենթարկելու համար։ Ընդդիմությունը չպաշտպանեց Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկելու իշխանության առաջարկը։

Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել էր Վրաստանի Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով: Նմանատիպ հայցեր էին ներկայացրել նաև ընդդիմությունը, ՀԿ-ները և լրատվամիջոցները։ Օգոստոսի վերջին ՍԴ-ն երեք նիստ էր անցկացրել, որտեղ լսել էր կողմերի դիրքորոշումները։ Հայցվորները պահանջում էին օրենքը ճանաչել վրացական սահմանադրությանը հակասող, մասնավորապես 78-րդ հոդվածին, համաձայն որի՝ իշխանության մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար: Նրանք նաև պնդում էին, որ օրենքը պետք է կասեցվի, մինչև դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը:

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter