HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների ավանդների ծրագիրը 2019-ից դադարել է, բազմազավակ ընտանիքները փաստի առաջ են կանգնել

Սարինե Հայրիյան

Արցախը հարկադրաբար լքելուց մեկ տարի անց տեղահանված բազմազավակ ընտանիքներն անտեղյակ են իրենց երեխաների անունով բացվող ավանդների ծրագրի դադարեցման և դրա փոխարեն սահմանված ամսական ու միանվագ նպաստների մասին։ 

Հինգ երեխաների մայր Ծովինար Պողոսյանի առաջնեկը ծնվել է 2017 թ.-ին, հինգերորդը՝ 2023-ին Արցախում։ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման ժամանակ՝ 2023 թ․-ի սեպտեմբերին, Ծովինարը մանկահասակ փոքրիկների հետ մենակ էր Մարտունիում։ Ամուսնուց՝ Գրիգորից, որ պաշտպանության բանակի սպա էր, 5 օր լուր չուներ։Միայն սեպտեմբերի 25-ին է Գրիգորը միացել ընտանիքին, միասին տեղահանվել են, այժմ վարձով ապրում են Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում։ Հայաստանի կառավարության կողմից հատկացվող նպաստները ստանում են և բազմանդամ ընտանիքի կարիքների մի մասը դրանով են հոգում։ Բայց միայն նպաստով գոյատեւել չի լինում։ Ծովինարը դրամաշնորհային միջոցներով փորձում է խմորեղենի փոքրիկ արտադրամաս հիմնել։ Գումարի հարցը լուծվել է։

Ծովինարի երեք երեխաներն Արցախում չափահասության նպաստ էին ստանում՝ յուրաքանչյուրն ամսական 4200 դրամ, իսկ չափահասության տարիքը լրանալուն պես պիտի ստանային միանվագ աջակցություն՝ 500 հազար դրամ՝ երրորդ երեխայի, 700 հազարական դրամ՝ չորրորդ ու հինգերորդ երեխաների անունով։ Ծովինարն ու ամուսինը վրդովված ու զարմացած են․ երրորդ ու հաջորդ երեխաների ծնվելուց հետո իրենց ոչ ոք չի զգուշացրել, որ Արցախի կառավարությունը երեխաների անուններով ավանդային հաշիվ չի բացելու «Արցախբանկ»-ում,  ինչպես դա արվել է նախկինում։ Ծնողները վստահ են եղել, որ երեխաներին հասանելիք գումարը բանկում է։ Հիմա ամենամսյա նպաստը չկա, հայտնի չէ նաև միանվագ աջակցության ճակատագիրը։

Դեռևս 2000-ականներից ԼՂՀ կառավարությունը  ծնելիության ու բազմազավակության խթանման ուղղված ծրագիր էր իրականացնում, որը տարբեր փոփոխություններով իրագործվում էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքում ծնված երեխաները տարատեսակ աջակցություն էին ստանում, այդ թվում՝ կառավարությունն այդ ընտանիքներին բնակարաններ էր հատկացում։ Սոցիալական ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը ընտանիքում ծնված 3-րդ ու հաջորդ երեխաների անուններով նպատակային ժամկետային ավանդի համակարգի գործարկումն էր։ 

Օրինակ՝ 2009 թ․ հունվարի 20-ի ԼՂՀ կառավարության թիվ 15 որոշման համաձայն՝ նպատակային ավանդային հաշվիներ կարող էին բացվել ընտանիքում ծնված 3-րդ, 4-րդ ու հաջորդ երեխայի անունով։ Ավանդային հաշիվները բացվում էին «Արցախբանկ»-ում, հետևյալ չափերով՝ երրորդ երեխայի անունով՝  500 հազար ՀՀ դրամ, 4-րդ ու հաջորդ երեխաների անուններով՝ 700 հազարական դրամ։ Ավանդի դիմաց ամենամսյա եկամուտները կարող էր ստանալ երեխայի ծնողը/խնամակալը, իսկ ավանդի մայր գումարը փոխանցվում էր երեխային՝ 18 տարին լրանալուն պես։ Որոշման մեջ նշվում է, որ տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվում է Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության և ֆինանսական կազմակերպության, տվյալ դեպքում՝ «Արցախբանկ»-ի կողմից։ «Արցախբանկ»-ից մեզ բանավոր հայտնեցին, որ մինչև 2019թ․-ը վերոնշյալ գումարները ավանդադրվել են հետևյալ տոկոսադրուքներով՝ 2006-14 թթ․՝ 6,5 %, 2014- 2019թթ․՝ 7,5 % տոկոս, իսկ ավանդային պայմանագիրը կնքվել է պետության և «Արցախբանկ»-ի միջև՝ երեխայի անունով։

2019-ին Արցախի կառավարությունը վերանայել է բազմազավակության և ծնելիության խթանման ծրագիրը։ Արցախի կառավարության 2019-ի ապրիլի 17-ի N273-Ն որոշման համաձայն՝ ավանդային համակարգի փոխարեն սահմանվել է չափահասության միանվագ նպաստ՝ ընտանիքում ծնված երրորդ, չորրորդ ու հաջորդ երեխաների անունով, որը կառավարությունը պարտավորվել է վճարել երեխաների 18 տարին լրանալուն պես՝ որոշմամբ սահմանված կարգով, տվյալ տարվա բյուջեից։ Չափահասության նպաստի չափերը նույնն էին՝ 500 և  700 հազարական դրամ։ Սրանից բացի, Արցախի կառավարությունը վերոնշյալ շահառու ընտանիքների համար սահմանել է նաև ամենամսյա նպաստներ՝ երրորդ երեխայի համար 3700դրամ (2022-ից հետո՝ 4200դրամ), իսկ չորրորդի ու հաջորդների համար՝ 4200 ՀՀ դրամ։ «Հետքը» կապ է հաստատել Արցախի այդ ժամանակվա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Սամվել Ավանեսյանի հետ, որի նախաձեռնությամբ վերանայվել էր նախկին որոշումը։ 

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, պետության տեսանկյունից սխալ էր 18 տարով այդ գումարներն ավանդ դնել (սառեցնել) մասնավոր ֆինանսավարկային կազմակերպությունում և այն էլ՝ անհասկանալի ցածր տոկոսով, դրա համար մենք որոշում կայացրինք, որ այդ ծախսերը 18 տարով հետաձգում ենք։ Մենք որոշեցինք ավանդադրված գումարի տոկոսին համարժեք դրամը ինքներս տալ պետական բյուջեից՝ նպաստի տեսքով, իսկ մայր գումարը ծախսել այլ նպատակների համար՝ պարտավորվելով վճարել այն 18 տարի հետո»,- նշեց Սամվել Ավանեսյանը։ Թե ինչու՞ շահառու ընտանիքների մեծ մասը 2019թ․-ի այս փոփոխությանը ծանոթ չի եղել, նախկին նախարարը դժվարանում է ասել։ «Տեղեկացնելու տարբեր ձևեր կան, ոչ ոք ոչ մեկին չի գնում ու պատմում կառավարության որոշումների մասին, դրանք հրապարակվում են, լուսաբանվում են ԶԼՄ-ներով և այլն։ Եթե շահառու ընտանիքները տեղյակ չեն եղել այս փոփոխության մասին, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը թերացել է իր աշխատանքում»,- նշեց նա։ Համացանցի բաց աղբյուրներում որոնումների արդյունքում որոշման մասին գտանք Արցախի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից տարածված մեկ պաշտոնական հաղորդագրություն, ևս մեկ հրապարակում՝ «Արցախպրեսս» կայքում։ Սա վկայում է, որ Արցախի կառավարությունն ու սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակին պատշաճ հանրային իրազեկում չեն իրականացրել։ 

Ծնելիության խթանման պետական ծրագրի ավանդային բաղադրիչի վերացումը փաստի առաջ է կանգնեցրել նաև վեց երեխաների մայր Ռուզաննա Գրիգորյանին, որն ամուսնու ու նրա ծնողների հետ բռնի տեղահանվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ռուզաննայի ամուսինը տեղահանությունից հետո արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան։ Ռուզաննան երեխաների ու ամուսնու ծնողների հետ ապրում է Հրազդանում, վարձով։ Ժամանակ առ ժամանակ մատնահարդարությամբ է զբաղվում, բայց  վեց երեխաների հետ միշտ չէ, որ ստացվում է համատեղել աշխատանքը։ Ռուզաննայի վեց երեխաներից երկուսը՝ 2016-ին ծնված Մարիամն ու 2018-ին ծնված Մարիաննան, իրենց անուններով ավանդային հաշիվներ ունեն Արցախբանկում, որի դիմաց ընտանիքը ամենամսյա տոկոսագումար է ստանում Արցախբանկից՝ մոտ 7000 դրամի չափով։ Իսկ ահա  2019-ին ու 2021-ին ծնված երկու փոքրիկները տեղահանությունից հետո (2023 սեպտեմբեր) չեն ստանում չափահասության նպաստը։  Ռուզաննային 5-րդ ու 6-րդ երեխաների ծնվելուց հետո զգուշացրել են, որ նպատակային ժամկետային ավանդներն արդեն չկան, փոխարենը 18 տարին լրանալուն պես երեխաները կստանան իրենց հասանելիք 700 հազարական դրամները։ Ռուզաննան պետության պարտավորությունն ամրագրող փաստաթուղթ է պահանջել Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից, նրան ասել են, որ երաշխիքը ԱՀ կառավարության որոշումն է։ «Եթե գումարն ավանդադրվեր «Արցախբանկ»-ում, մենք այն չէինք կորցնի ու, իհարկե, լիքը հարց կլուծեինք։ Կառավարության որոշումն ինձ այս պահին ոչինչ չի տալիս՝ ոչ ամենամսյա նպաստ, ոչ՝ միանվագ։ Այն ոչինչ չի երաշխավորել փաստորեն»,- ասում է Ռուզաննան։ Ի դեպ, երեխաների անունով Ռուզաննան որևէ նպաստ Հայաստանում չի ստանում։ Նա ծննդականը թողել է Արցախում, միայն վերջերս է դիմել դատարան՝ վերականգնելու համար։

2019-2023 թթ․ Արցախում ընտանիքում ծնված երրորդ երեխաների քանակը 2320 է, ընտանիքում ծնված չորրորդ ու հաջորդ երեխաների թիվը՝ 1921։ Այս տեղեկությունը մեզ փոխանցել է Արցախի  մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ցավոք, Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի վերջին նախարար Վահրամ Առաքելյանը հրաժարվեց մեզ տեղեկություն տրամադրել այս թեմայի վերաբերյալ, իսկ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Արցախի բազմազավակ ընտանիքների հաշվառում չի իրականացվում ՀՀ-ում։ 

Այսպիսով, մեր ունեցած ոչ պաշտոնական վիճակագրությունն ու Արցախի կառավարության որոշմամբ նախատեսված նպաստի չափերը համադրելով, մոտավոր հետևյալ պատկերն ունենք՝ 1 մլրդ 160 մլն ՀՀ դրամ. սա այն ընդհանուր գումարն է, որը պարտավորվել էր վճարել Արցախի կառավարությունը ընտանիքում ծնված երրորդ երեխաներին, 1 մլրդ 344 մլն 700.000 ՀՀ դրամ էլ ընտանիքում ծնված չորրորդ ու հաջորդ երեխաներին հասանելիք գումարի ընդհանուր չափն է։ Արցախի կառավարության ընդհանուր պարտավորությունը վերոնշյալ որոշման մասով կազմում է 2 մլրդ 504 մլն 700.000 ՀՀ դրամ։ Եթե Արցախի Կառավարությունը շարունակեր նախկին ժամկետային ավանդների ծրագիրը, ապա 2019-ին և դրանից հետո ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ ու հաջորդ երեխաների անունով այսօր  «Արցախբանկում»  առկա կլիներ 2 մլրդ 504 մլն 700 հազար ՀՀ դրամ։ Դա հնարավորություն կտար 4241 արցախցի երեխաների 18 տարին լրանալուց հետո ստանալ իրենց հասանելիք ավանդը, երեխաների ընտանիքներն էլ կստանային ավանդի տոկոսագումարը։

Հաշվի առնելով, որ տեղահանությունից հետո Արցախի բնակչության գերակշիռ մասը Հայստանում է բնակություն հաստատել, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը քննարկում է վերոնշյալ ծրագիրը Հայաստանում  շարունակելու կամ այն սոցիալական աջակցության այլ նախագծով փոխարինելու հարցը։ Կառավարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Հայաստանի Հանրապետությունում նշանակվում և վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարատեսակները։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է ՀՀ ամբողջ տարածքի վրա, եթե այլ բան սահմանված չէ այդ նորմատիվ իրավական ակտով, կամ դրա էությունից չի բխում, որ դրա գործողությունը տարածվում է միայն որոշակի տարածքի վրա: Ելնելով վերոգրյալից՝ ԼՂՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 273-Ն որոշման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում որևէ նպաստ նշանակվել չի կարող»։ Այս պատասխանից պարզ է դառնում, որ բազմազավակ արցախցիների՝ սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագիրը Հայաստանի գործող կառավարությունը չի վերականգնելու։

Գլխավոր լուսանկարում՝ Ռուզաննա Գրիգորյանը (լուսանկարը՝ Արմինե Վանյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter