
Մոսկվան չի հրաժարվել Բաքվի և Երևանի բանակցություններում իր դերից. Կոպիրկին
Մոսկվան երբեք չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ բրոքերի» իր դերից, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դրա հաստատումն են: Այդ մասին «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը նաև նշել է, որ ռուսական կողմի շնորհիվ և անձամբ Պուտինին 2020 թվականին հաջողվել է կանգնեցնել պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր մերձավոր հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարեկեցությամբ և խաղաղությամբ։ <...> Մենք դիտարկում ենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման անփոխարինելի նախապայման»,- հավելել է Կոպիրկինը։
Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին առաջին հերթին բխում է ՀՀ բնակչության շահերից, ծառայում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը։
«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ բազմաթիվ պայմանավորվածությունների մասնակից: Խորապես համոզված ենք, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից, ծառայում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: <...> Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտյան «բարյացակամները», ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի գործուն այլընտրանքներ այսօր չկան»,- պնդել է Կոպիրկինը։
Նրա կարծիքով՝ շատ ռիսկեր, որոնց այժմ բախվում է Երևանը, «կարելի էր կանխել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը համաձայներ ՀԱՊԿ գծով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման առաջարկին»։
Ինչպես ռուսաստանցի մյուս պաշտոնյաները, Կոպիրկինը ևս իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Ռուսաստանցի այս դիվանագետի պնդմամբ՝ ԵՄ այս առաքելությունը «Հայաստանում զբաղվում է ՌԴ-ին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար հետախուզական տվյալների հավաքագրմամբ»։ «Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, որ Հարավային Կովկասի ճակատագիրը «պետք է որոշեն միայն տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները»։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել