HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

87-ամյա Արտյուշա Միքայելյանը սպանվել է Խաչմաչի անտառում՝ տարհանման ճանապարհին

Արտյուշա Միքայելյանի՝ հողով ծածկված դիակը գտել են սեպտեմբերի 27-ին, Արցախի Խաչմաչ գյուղի անտառում։ Նրա մահվան պատճառը գլխի վնասվածքն է եղել։ 

87-ամյա Արտյուշա Միքայելյանը մանկավարժ էր, 42 տարի Արցախի Ներքին Սզնեք գյուղի դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ներքին Սզնեքի գյուղապետն է եղել: 

Նա ապրում էր կնոջ, որդու, հարսի, ավագ որդու այրու ու թոռների հետ։ Ավագ որդին՝ Գրիշա Միքայելյանը, զոհվել էր 1992 թ․ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, կրտսեր որդին դիրքերում է եղել։ 

Artyusha's family.jpeg (225 KB)

Արտյուշա Միքայելյանի ընտանիքը

Երբ ադրբեջանական զինված ուժերը սկսել են հրետակոծել Ներքին Սզնեքը, գյուղի բնակչությունը տարհանվել է Խաչմաչ։ Ստեփանակերտ տանող հիմնական ճանապարհն արդեն փակ էր, գյուղացիները ստիպված էին մոտ 7 կմ քայլել անտառային ճանապարհով՝ հարևան Խաչմաչ հասնելու համար։ Արտյուշան գյուղից դուրս է եկել կնոջ, քրոջ և երեք համագյուղացիների հետ։ 

Արտյուշայի կինը, հարսներն ու թոռները ավելի շուտ են հասել Խաչմաչ, տեղավորվել են մեքենաներում և տեղափոխվել Ստեփանակերտ։ 

«Մորս պատմելով՝ հայրս հետ էր ընկել մյուսներից, 92-ամյա քրոջն էր օգնում։ Ասել է՝ դուք գնացեք, ես իրեն օգնեմ»,- պատմում է Արտյուշայի աղջիկը՝ Աստղիկ Միքայելյանը։ 

Աստղիկը երկար տարիներ ապրում և աշխատում էր Ստեփանակերտում։ Նա վերջին անգամ գյուղ էր գնացել սեպտեմբերի 17-ին։ «Երջանիկ պատահականություն էր, որ կարողացանք բենզին գտնել, զարմիկիս հետ իր մեքենայով գնացինք գյուղ։ Դա վերջին անգամն էր, որ հորս տեսա»,- հիշում է նա։

Հոր կյանքի վերջին օրերի մանրամասներն Աստղիկն իմացել է այդ օրերին նրա հետ եղած համագյուղացուց՝ Մավրիկ Փաշայանից։

Ներքին Սզնեքի բնակչությունը Խաչմաչ հասնելուց հետո մեքենաներով տարհանվել է Ստեփանակերտ։ Արտյուշան իր 92-ամյա քրոջը ևս տեղավորել է Ստեփանակերտ գնացող մեքենաներից մեկում։ Քանի որ մեքենաներում տեղ չի եղել, նրանցից վեցը մնացել է Խաչմաչում և գիշերել այնտեղ: 

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երբ ադրբեջանցիները Խաչմաչի մատույցներ էին հասել, գյուղում մնացածները ստիպված են եղել ոտքով ճամփա ընկնել։ Ռոբերտ Մուսայելյանը, Շուրա Մանասյանը, Մավրիկ Փաշայանը և Նուրվարդ Ոսկանյանը գնացել են մեկ ուղղությամբ, իսկ Արտյուշա Միքայելյանը և Մելիքսեթ Փաշայանը՝ մեկ այլ: Ռոբերտ Մուսայելյանը և Շուրա Մանասյանը մինչ օրս համարվում են անհետ կորած։ Մավրիկ Փաշայանին և Նուրվարդ Ոսկանյանին ադրբեջանցիները գերի են վերցրել։ Նրանց տարել են Շուշի, ծեծել, խոշտանգել և միայն մեկ շաբաթ անց Կարմիր Խաչի միջնորդությամբ՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխել Հայաստան։ Մելիքսեթ Փաշայանին նույնպես գերեվարել են։ Նա մինչ օրս Բաքվի բանտում է։   

Արտյուշա Միքայելյանի դիակը փրկարարները սեպտեմբերի 27-ին գտել են Խաչմաչի անտառում, դեպի Կարմիր գյուղ գնացող տարածքում։ Նրա մարմինը հողով ծածկված է եղել՝ գլխի հետևի հատվածում կտրվածք կար։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա մահվան պատճառն ուղեղի վնասվածքն է։ Գլխի վնասվածքի եւ հողով ծածկված լինելու հանգամանքների մասին ընտանիքը ոչինչ չգիտի։

Միքայելյանների ընտանիքի մի մասը Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ի առավոտյան, մյուս մասը՝ սեպտեմբերի 26-ին: 

«Սեպտեմբերի 27-ին Կարմիր խաչից զանգեցին և ասացին, որ գտել են դիակը»,- ասում է Աստղիկը։ Նրա խոսքով, հոր դիակն անճանաչելի է եղել, ձեռքի դաջվածքի ու սրտի ստիմուլյատորի շնորհիվ են նրան ճանաչել։ 

2021 թ․ հարազատների աջակցությամբ լույս է տեսել Արտյուշա Միքայելյանի գիրքը հայրենի Վերին Սզնեք գյուղի պատմության մասին։ Թոշակի անցնելուց հետո նա զբաղվում էր տնտեսությամբ, ծառուղիներ էր տնկել գյուղում արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների զոհերի հիշատակին։

Վերջին շրջանում Արտյուշա Միքայելյանը աշխատում էր իրենց տոհմածառի պատմության վրա, սակայն նրա աշխատանքները մնացին գյուղում։

Գլխավոր լուսանկարի ետնանկարը՝ Aparaj.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter