HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթաթոշակներ կտրամադրվեն ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարվա ցանկում ընդգրկել են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, նախատեսվում է այս տարվանից ներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք նույնպես պետության համար առաջնային նշանակություն ունեն:

Որոշմամբ առաջարկվում է ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները: Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է խթանել այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը:

Արդյունքում, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային այս մասնագիտություններով սովորողներին՝ ըստ առաջադիմության: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դա կնպաստի, որպեսզի այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Որոշումը կտարածվի 2024/2025 ուստարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով բուհ են ընդունվել 220 ուսանող, որոնցից 59 բակալավրի, իսկ 161-ը մագիստրոսի կրթական ծրագրով:

Նախարարը հայտնել է նաև, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, մասնավորապես՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բխում է իրական կյանքից, և որի անհրաժեշտությունը նկատել է տարբեր մարզերում՝ հանդիպումների և շփումների արդյունքում: Վարչապետն ընդգծել է՝ հանրապետությունում իրականացվում են գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրեր, որոնց արդյունքն ակնհայտ է. հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են ստեղծվում, հիմնադրվում: Նշվել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի. մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին: «Հիմա նաև այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ: Հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, և այդ աշխատատեղերը թափուր են»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՀԱԱՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter