
Միլիոնատեր վերահսկողը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ տարբեր հրապարակումների, նա անշարժ գույքի «սիրահար» է եւ շատ է սիրում հարազատների անուններով բնակարաններ գնել: Վերջերս «Հետքն» անդրադարձել էր Հ. Հովսեփյանի ու նրա հարազատների կողմից Արամի 72-80 հասցեների նորակառույցներում ձեռք բերած բնակարանների պատմությանը:
Այսպես՝ նախագահի վերահսկողության ծառայության պետի բարեկամներից Գոռ Հակոբյանը նշված հասցեներում ունի 1-ական բնակարան ու ավտոտնակ, Վահագն Ատոմյանը՝ 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ, եւ Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ:
Հովհաննես Հովսեփյանի քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ: Վերջինիս ամուսնու՝ Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ վերջինիս քույրը՝ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանը, ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք:
Ուսումնասիրելով Հովհաննես Հովսեփյանի միայն 2011 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզեցինք, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն ամենեւին էլ ֆինանսական խնդիրներ չունի եւ իր ունեցած գումարներով հանգիստ կարող է մի քանի տասնյակ բնակարաններ էլ գնել:
Նա այդ տարում 110 միլիոն դրամով ձեռք է բերել շենք-շինություն եւ հողամաս: 30 միլիոն դրամով գնել է Range Rover ջիփ եւ օտարել է նույն մակնիշի ավտոմեքենա` 16 միլիոն 500 հազար դրամով:
Հովհաննես Հովսեփյանը 2011 թվականին ունեցել է 29 միլիոն 664 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազարը աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումներն են, 9 մլն 720 հազար դրամը` վարձակալությունից ստացած վճարն է, իսկ 16 մլն 500 հազար դրամը գույքի օտարումից ստացած եկամուտն է (հավանաբար Renge Rover մակնիշի ավտոմեքենայի օտարումն է):
Բացի այդ` Հովհաննես Հովսեփյանը դոլարով ստացել է զգալի չափերի նվիրատվություն` 1 միլիոն 600 հազար դոլար: Նա դոլարային եկամուտ է ստացել նաեւ բանկում ունեցած ավանդի տոկոսագումարից` 100 հազար դոլարի չափով: Հետաքրքիր է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի աշխատավայրը նույն շենքում է, ինչ Հովհաննես Հովսեփյանինը, կպարզի՞, թե վերջինիս որտեղից այդքան դոլարներ, որ ներդրել է բանկում, եւ միայն ստացած տոկոսագումարն արդեն զգալի չափերի է հասնում: Արդեն կարելի է պատկերացնել, թե որքան է կազմում Հովհաննես Հովսեփյանի բանկում ունեցած մայր գումարը, որը պաշտոնյային տարեկան ապահովում է 100 հազար դոլարի տոկոսային եկամուտ:
Խոշոր չափերի են հասնում նաեւ Հ. Հովսեփյանի դրամային եկամուտները: Նա 2011 թվականի սկզբին ունեցել է ընդամենը 2 միլիոն 400 հազար դրամ, սակայն տարեվերջին գումարի չափը հասել է 117 միլիոն դրամի: Նույն պրոգրեսիվ աճը գրանցվել է նաեւ դոլարային արտարժույթով ունեցած գումարի դեպքում. տարվա սկզբում ունեցել է 1 միլիոն 270 հազար, իսկ տարեվերջին` 2 միլիոն 270 դոլար:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել